Պետպատվերի բաշխման սկզբունքները համահունչ կլինեն այն գնագոյացման բանաձեւերին, որոնք այսօր մշակվում են նախարարությունում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով առողջապահության ոլորտում պետպատվերի խնդրին, մասնավորապես նշեց. «Մենք պետպատվերը ո՞նց ենք բաշխում ըստ հիվանդանոցների, ինչ ենք անում, որ խուսափենք այն վիճակից, որ ինչպես ասում են, «տիրովին տերն է տարել, անտերին գելը»: Այն հիվանդանոցները, որոնք կապեր ունեն, տեր ունեն, շատ գումար են ստանում, իսկ մյուսները որոնք չունեն կապեր, շատ դեպքերում տուժում են»:

Ի պատասխան նախարարը նշեց. «Պետպատվերի բաշխման սկզբունքները համահունչ կլինեն այն գնագոյացման բանաձեւերին, որոնք այսօր մշակվում են նախարարությունում եւ որոնց ժամկետները մեր կառավարության 5-ամյա ծրագրով նախանշված են 2018-ի երրորդ եռամսյակ: Մենք մշակում ենք գնագոյացման բանաձեւեր, որ ծառայությունները կենտրոնացնելու, մեկ աղբյուրից գնում կատարելու շնորհիվ, ինչպես օրինակ մեզ հաջողվեց 2 անգամ նվազեցնել սրտի ստենտավորման գները՝ բանակցելով մատակարարների հետ միանգամից 1500 ստենտի շուրջ: Նույն մոտեցումը կլինի մնացած ծառայությունների մասով: 2018-ին պետպատվերի գնագոյացումը թափանցիկ կլինի»: