Տարկետման իրավունքը վերացնելուն դեմ հանդես եկող ուսանողներն այսօր շարունակել են դասադուլը: Նրանք նաեւ Երեւանի պետհամալսարանի մոտ ակցիա են անցկացրել, հետո երթով շարժվել դեպի Կրթության նախարարություն:
Լեւոն Մկրտչյանն ընդունել է ակցիայի մի քանի մասնակիցների եւ լսել տարկետման իրավունքի վերացման դեմ նրանց փաստարկները: Ուսանողները նշել են, որ զինվորական ծառայությունից հետո քչերն են կարողանում նորից վերադառնալ գիտություն: Նախարարն էլ հակադարձել է. փաստական տվյալներ ունեն, որ Հայաստանում գիտական աստիճան ստացողների միայն 12-15 տոկոսն է մնացել գիտության ոլորտում:
Ուսանողները, սակայն, վստահ չեն, որ այս օրինագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել կոռուպցիայի խնդիրը: Ասում են՝ դա միայն բուհերին չի վերաբերում, կոռուպցիա պետք է փնտրել նաեւ առողջապահական ոլորտում: Նրանք նաեւ հիմնավորում են ուզում, որ հնարավոր կլինի զինվորական ծառայությանը զուգահեռ գիտությամբ զբաղվել: Կրթության նախարարի հետ հանդիպումը, ամեն դեպքում, չի փոխել ակցիայի մասնակիցների դիրքորոշումը: Նրանք որոշել են շարունակել դասադուլը:
Բժիշկներին որոշել են պաշտպանել մասնագիտական գործունեությունը կատարելիս հնարավոր բռնություններից: Քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու մասին օրինագիծն այսօր բուռն քննարկումների առիթ է դարձել Ազգային ժողովի պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Դրանով առաջարկվում է պատիժ սահմանել բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար՝ տուգանքի, իսկ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության գործադրման կամ դրա սպառնալիքի դեպքում՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկման տեսքով: Առողջապահության փոխնախարարը վստահեցրել է, որ այս կամ այն բռնության ենթարկվում է ոլորտի ցանկացած ներկայացուցիչ, պարզապես հանրությունը ոչ բոլոր դեպքերի մասին է տեղեկանում:
Առավել բուռն են եղել Գեւորգ Պետրոսյանի հակադարձումները: Նախագծի նպատակին նա դեմ չէ, բայց իրավական ձեւակերպումների խնդիր է տեսնում: Պատգամավորը նաեւ խոսել է որոշ բուժաշխատողների ոչ պատշաճ վարքագծի մասին: Սերգեյ Խաչատրյանն արձագանքել է. անուններ ներկայացրեք: Ի վերջո, օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացավ: Այն կներառվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում:
Կատալոնիայում զանգվածային գործադուլ եւ ցույցեր են: Գործադուլի պաշտոնական պատճառն աշխատանքային իրավունքների ընդլայնման հարցն է, սակայն կատալոնական կուսակցություններն իրենց կողմնակիցներին կոչ են արել փողոց դուրս գալ՝ ի պաշտպանություն շրջանի ձերբակալված քաղաքական գործիչների: Ցուցարարները ճանապարհներ են փակել, կաթվածահար է եղել գնացքների երթեւեկությունը: Սակայն քաղաքային տրանսպորտը շարունակում է աշխատել. Բարսելոնայի իշխանությունները հրաժարվել են միանալ գործադուլին: Նշենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին 70 կողմ եւ 10 դեմ ձայնով քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին: Իր հերթին Իսպանիայի Սենատը կողմ էր քվեարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելուն. Կատալոնիայի ինքնիշխանությունը կասեցվել է, Իսպանիայի վարչապետը ցրել է կատալոնական խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել: Արդյունքում Կատալոնիայի կառավարումն անցել է պաշտոնական Մադրիդին:
Հայաստանում այսուհետ կարելի է մասնավոր օդաչուի արտոնագիր ստանալ: Քաղավիացիայի գլխավոր վարչությանն առընթեր «Ավիաուսումնական կենտրոնում» ուսուցման կուրս անցնողներն ICAO-ի պահանջներին համապատասխանող PPL օդաչուի վկայական կստանան: Ամբողջական դասընթացը շուրջ մոտ 10 մլն դրամ կարժենա. գործնական մասը բավական թանկ է: Իսկ տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն նվազագույն շեմին: Ծրագիրը նախատեսված է ոչ միայն Հայաստանի համար: Դրանում ներգրավվել ցանկացողներ կան արդեն Ռուսաստանից: Հույս ունեն, որ երկրների աշխարհագրությունն ավելի մեծ կլինի: Բացի այդ՝ այստեղ մտադիր են օդանավերի սպասարկման կենտրոն բացել: Հետագայում ծրագրվում է նաեւ Հայաստանում սկսել Piper օդանավեր հավաքել: Piper ընկերության օգնությամբ էլ «Ավիաուսումնական կենտրոն»-ն համալրվել է անհրաժեշտ համակարգիչներով եւ ուսումնական օդանավով:
Վանաձորի «Քիմպրոմ»-ի տարածքում այսօր հերթական վթարն է տեղի ունեցել: Ջրատար խողովակի վթարի արդյունքում ժամեր շարունակ քիմիական գործարանից ջրի արտահոսք է եղել: Փրկարարները վստահեցնում են, որ թափված ջուրը վտանգավոր նյութեր չի պարունակում: Նշենք, որ գործարանի տարածքում ջրագծի վթար էր գրանցվել նաեւ ամիսներ առաջ:
Դոլարի վերելքը չի դադարում, թանկացել է նաեւ եվրոն: Նոյեմբերի 8-ին դոլարի փոխարժեքը կազմել է արդեն 486 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 8 դրամ 20 լումա, ֆունտինը՝ 638 դրամ:
Նոյեմբերի 9-10-ը հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:











