Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինից հեռացել է եւ Վիետնամ ժամանել ԱԽՏՀ գագաթնաժողովին մասնակցելու համար, ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Չինաստանում մենակ է մնացել, որպեսզի տեսնի կենդանաբանական այգու պանդաներին եւ Չինական մեծ պատ այցելի, փոխանցում է Reuters-ը:
Պեկինի կենդանաբանական այգում 47-ամյա նախկին մոդելը կերակրել է Գու Գու անունով հսկա պանդային եւ տեղեկացել նրան կերակրելու ու սովորեցնելու մասին: Մելանյան նաեւ ողջունել է աշակերտների խմբին, որոնք թափահարել են Չինաստանի եւ ԱՄՆ դրոշները, եւ նրանց խաղալիք արծիվներ է բաժանել, երբ երեխաները չինական ժողովրդական երգ են երգել: «Անչափ շնորհակալ եմ»,- ասել է նա:
ԱՄՆ առաջին տիկինը նաեւ գրառում է կատարել հուշամատյանում. «Շնորհակալություն, պեկինյան գազանանոց: Հոյակապ էր Գու Գուին հանդիպելը: Մելանյա Թրամփ»:
Ավելի ուշ նա ծրագրում է այցելել Չինական մեծ պատի Մուտյանյուի հատվածը:
ԱՄՆ նախագահի ասիական բազմօրյա այցի ժամանակ կարեւոր օժանդակ դեր խաղալով՝ Մելանյան հանրահայտ է դարձել չինական սոցցանցերում, որոնց օգտատերերը նրան համեմատել են Չինաստանի գլամուրային առաջին տիկին Պեն Լիյուանի հետ եւ նշել են Արգելված քաղաքի սալաքարերի վրա սուպերբարձրակրունկներով Մելանյայի տեղաշարժման ակնհայտ թեթեւությունը:
Չինական Weibo սոցցանցում շատերը բարձր են գնահատել Մելանյայի նրբագեղությունն ու ոճի զգացումը:














