Ամերիկայում որսորդները էլեկտրական սղոցի միջոցով ազատել են եղնիկին, որը կոտոշներով խրվել էր ծառի բնի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Օհայոյի նահանգի Քորնինգ գյուղում։
Համացանցում հայտնված տեսանյութի հեղինակի խոսքով՝ ինքը նետ ու աղեղով որսի էր գնացել։ Հեռվից տեսնելով հուսահատ ցնցվող եղնիկին՝ նա մոտեցել էր կենդանուն եւ պատրաստվել կրակել։ Սակայն տղամարդը տեսել էր, որ եղնիկն օգնության կարիք ունի․ կոտոշները խրվել են ծառի բնի մեջ։
Ամենայն հավանականությամբ նա ծուղակն էր ընկել ծառի վրա կոտոշները քորելու ժամանակ։ Զուգավորման սեզոնի ավարտին նրանց կոտոշները սկսում են թափվել, եւ այդ պրոցեսն արագացնելու համար եղնիկները սկսում են «քորվել» ծառերի վրա։
Որսորդը կանչել էր հորը, սակայն միայն ձեռքերով գործը գլուխ չէր եկել։ Այդ ժամանակ նրանք որոշել էին փորձել էլեկտրական սղոցով ազատել կենդանուն եւ սղոցել ծառի բունը։











