ԵՊՀ մի քանի դասախոսներ այսօր՝ նոյեմբերի 14-ի առավոտյան փորձել են զրուցել եւ համոզել հացադուլ հայտարարած 5 ուսանողներին դադարեցնել պայքարի այդ ձեւը, սակայն նրանց չի հաջողվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:
«Առավոտյան մենք իմացանք, որ մի քանի ուսանող հացադուլ է հայտարարել: Մոտեցանք լսարանին, փորձեցինք ներս մտնել, բայց չհաջողվեց: Մենք դռնից այս կողմ ենք խոսել նրանց հետ: Անգամ չգիտենք էլ, թե ուսանողներից ովքեր են ներսում: Միայն Դավիթի ձայնը ճանաչեցինք: Հորդորեցինք նման քայլերի չգնալ, որովհետեւ դա հարվածում է համալսարանի հեղինակությանը եւ հանրային իրազեկվածության առումով էլ կարծես ոչինչ չի տալիս»,-ասաց նա:
Կարեն Գրիգորյանի խոսքով, հացադուլ հայտարարած ուսանողները նշել են, որ դուռը կբացեն միայն այն ժամանակ, երբ իրենց պահանջենրը կատարվեն եւ Ազգային ժողովը կասեցնի տարկետման վերացման մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:
Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում է նաեւ այդ օրինագիծը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:
Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:











