Երբ իմ տղան դառնա 18 տարեկան, կգնա բանակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա չհամաձայնեց պնդմանը, թե տարկետման իրավունքի սահմանափակումը արտագաղթի պատճառ է դառնալու. «Որպես նախկին հացադուլավոր՝ իմ սիրելի ուսանողներին կոչ եմ անում դադարեցնել հացադուլը: Ես ժամանակին պայքարել եմ ուսանողների իրավունքների համար, բայց մեզ նույնիսկ նախարարի օգնականը չէր ընդունում, էլ ուր մնաց վարչապետ»,-ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե միեւնույն է օլիգարխների ու պաշտոնյաների որդիները բանակից խուսափելու ելքեր կգտնեն, Շարմազանովն արձագանքեց. «Վստահ եղեք մի բանում, երբ իմ տղան դառնա 18 տարեկան, կգնա բանակ»։
Հարցին, թե 12-ամյա պարտադիր կրթության պայմաններում, երբ անձը դպրոցն ավարտում է 18 տարեկանում, ինչպե՞ս կկարողանա մինչեւ 18 տարեկան հասնելը կրթության, գիտության բնագավառում բացառիկ հաջողություններ ունենալ, որ հասկանան` անձը բացառիկ տաղանդով օժտված է եւ տարկետման իրավունք ստանալ, Շարմազանովը պատասխանեց. «Ես 4-րդ դասարանում բազմաթիվ օլիմպիադաների եմ մասնակցել: Եթե երեխան միջազգային օլիմպիադաների է մասնակցում, դրանից հետո էլ ի՞նչ կա պարզ դառնալու, որ նա ասենք ֆիզիկայի ոլորտում տաղանդավոր է: Նա արդեն բացառիկ ընդունակության երեխա է, սա կարող է չափանիշներից մեկը լինել, որ տրամադրվի այդ տարկետումը: Հեչ էլ անհնար չէ դպրոցական երեխային շնորհների մասին դպրոցում պարզել դպրոցում: Միջազգային օլիմպիադաներում քավոր-մավոր, սանիկ, հոպար, պապա, օլիգարխ, պաշտոն չի ազդելու: Ամեն ինչ արդար կլինի»:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:
Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:











