ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը կոչ է անում ուսանողներին ընդունել ՊՆ առաջարկն ու մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որոնք պիտի կյանքի կոչեն կառավարության որոշումները։

«Ես կոչ կանեմ ուսանողներին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին եւ կարողանան գտնել այն հարցերի լուծումները, որոնց պատճառով իրենք հացադուլ են անում», - այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ նա, որպես պատգամավոր, չի հանդիպում ուսանողների հետ, փորձում լսել նրանց առաջարկներն ու լուծումներ գտնել, Կարեն Ավագյանը կտրուկ արձագանքեց. «Չեմ հասկանում ձեր հարցը, կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ եւ իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ, բայց  շատ մեր գործընկերներ արդեն փորձել են, բայց ապարդյուն», - հավելեց նա։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: