Ազգային ժողովն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 86 կողմ եւ 6 դեմ հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագիծը: Դրանով վերացվում է ակադեմիական տարկետումը: Իսկ ովքեր կցանկանան պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ, կավարտեն ուսումը եւ զինծառայության կմեկնեն արդեն որպես սպա: Օրինագծին ի սկզբանե դեմ էր «Ելք» խմբակցությունը, իսկ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը՝ կողմ:
Ակադեմիական տարկետումը վերացնելու նախաձեռնությամբ 1998 թվականին հանդես է եկել նաեւ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Նա նախագիծ էր ներկայացրել խորհրդարան, ինչը խոսնակ Բաբկեն Արարքցյանի հետ կոնֆլիկտի պատճառ էր դարձել. վերջինը նույնիսկ ցանկացել է խնդրի պատճառով հրաժարական տալ: Արդյունքում նախագիծը հանվել է շրջանառությունից: Նախորդ գումարման Ազգային ժողովում այն նորից շրջանառության մեջ են դրել ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավորները: Այդ ժամանակ կառավարության ներկայացուցիչները, սակայն, նշել են, որ գործադիրը նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում, որում ներառվելու է նաեւ այդ հարցը:
Օրենքի նախագիծն ի վերջո մշակվեց, դրվեց նոր գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի քննարկմանն ու արագորեն լայն արձագանք ստացավ: Նախ սկսեցին հիշել, որ բազմաթիվ պաշտոնյաներ նույնպես ժամանակին օգտվել են տարկետման իրավունքից կամ ընդհանրապես չեն ծառայել, այդ թվում՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պաշտպանության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Հետո բողոքի ձայն բարձրացրեցին զինվորական ծառայություն անցած եւ չանցած ուսանողները: Արդեն մեկ շաբաթ է՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն իրենց միացած ուսանողների հետ դասադուլ են անում, երեկ էլ նրանցից մի քանիսը հացադուլ եւ նստացույց հայտարարեցին: Ուսանողները պահանջում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծից հանել տարկետումը վերացնելու մասին կետը, իսկ զինծառայությունից խուսափելու արմատները փնտրել կրթական եւ առողջապահական ոլորտներում: Ուսանողները պնդում են, որ տարկետման իրավունքի վերացումը երիտասարդներին կխանգարի գիտությամբ զբաղվել:
Այսօր նրանք Ազգային ժողովի շենքի մոտ են: Ուսանողները փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը: Իրավապահները Բաղրամյանում ուժեղացրել են հսկողությունը: Ցուցարարներին նրանք կոչ են արել հեռանալ այնտեղից՝ հակառակ դեպքում սպառնալով ուժով հեռացնել: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ նաեւ քաշքշուք է սկսվել, բայց կարճ ժամանակ անց իրավիճակը հանդարտվել է: Իրավապահները շարունակում են մնալ Բաղրամյանում, իսկ երեկվանից Երեւանի պետհամալսարանի լսարաններից մեկում փակված ուսանողները դադարեցրել են հացադուլը եւ պատրաստվում են միանալ բողոքի ակցիային:











