Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշում է 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել 2018թ. պետական բյուջեի նախագծին:
«Առաջին պատճառ՝ կենսաթոշակների, նպաստների բարձրացում նախատեսված չէ, սա բացարձակ անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը: Վարչապետն ասում է՝ գնաճին դիմակայելու համար պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ, սակայն գնաճը սեղմելու միակ տարբերակը նպաստն ու թոշակը բարձրացնելն է: Ավելին, սոցապնախարարին են դիմում՝ ինչ է կատարվում տարբեր սոցիալական ծառայություններում, որ թոշակառուներին ստիպում են խնդրագրեր գրել վերահաշվարկ անելու եւ վերագանձում անելու համար: Սա պարզապես անթույլատրելի է»,- այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Դեմ քվեարկելու երկրորդ պատճառը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, գնաճն է, որը որեւէ կերպ չի զսպվում եւ տանում է եռակի աղքատացման:
«Երրորդ պատճառը 5560 պետական աշխատողի կրճատումն է: Սոցապնախարարն ասում է՝ աշխատատեղեր են բացվելու, բայց չեմ հասկանում՝ ինչպես կարող է ուսուցիչը կամ բժիշկն աշխատել որպես Ամուլսարի հանքափոր: Չորրորդ պատճառը կրթության, գիտության, առողջապահության ծախսերը կրճատելն է: Լսում ենք հայտարարություններ գիտելիքահենք տնտեսության, գիտության զարգացման մասին, գեղեցիկ նախադասություններ են, բայց արդյունքում զրո արդյունք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի գնահատմամբ, դեմ քվեարկելու վերջին պատճառը դեմոգրաֆիկ ծայրահեղ պատկերն է: Զոհրաբյանը հիշեցրեց, որ Հայաստանում շատ են այն գյուղերը, որտեղ առաջին դասարանցի կամ չկա, կամ ընդամենը մեկն է:











