Բրազիլիայի Սերժիպի նահանգում ձիուն «կալանավորել» են, երբ կենդանին վնասել է ավտոմեքենան, հայտնում է Globo-ն:

Ձիու տեր Ուիլյամս Ֆրասիշկու դուշ Սանտոշը կենդանու հետ զբոսնում էր, երբ նրանց են մոտեցել մի քանի մարդ, որոնք ցանկացել են ձին հեծնել: Տերը դեմ չի եղել, սակայն ձին վախեցել է անծանոթներից մեկից եւ պատահաբար ոտքով ավտոմեքենային է հարվածել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանը եւ կենդանուն տարել ոստիկանական տեղամաս:

«Երբ տեղամաս գնացի, ձին ճաղավանդակի հետեւում էր՝ ասես ինչ-որ հանցագործ լիներ: Նրան չէին կերակրել, ջուր չէին տվել եւ նստեցրել էին նեղ խցի մեջ, որտեղ անհնար էր շարժվել: Ես գիշերը նրան կեր տարա, բայց այսօր առավոտյան թույլ չտվեցին կերակրել»,- դժգոհել է Սանտուշը:

Հաղորդվում է, որ ձիուն ազատել են հաջորդ օրը, երբ տերը ստանձնել է հասցված վնասը փոխհատուցել: