Աղքատության չվերացման պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ վերահսկողության մեխանիզմը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Լսելով ելույթները՝ տպավորություն ունեմ, որ կան ժողովրդին շատ սիրողներ եւ ատողներ, ատողներից մեկն էլ ես եմ փաստորեն: Հիմա անդրադառնամ գործընկերներիս ելույթներին: Այո, թոշակները, նպաստները չեն բարձրացել, բայց դա ցուցանիշ չի, սոցիալական ոլորտի համար կա մեկ ցուցանիշ՝ ինչքան է աղքատությունը: Մեր երկրում աղքատությունը կազմում է շուրջ 30 տոկոս: Աղքատությունը վերացնելու համար, ըստ տարբեր վերլուծությունների, մեզ պետք է շուրջ 120 մլրդ փող, դրան պետք է ավելացնել եւս 120 մլրդ, որ վերացնես աղքատությունն ամբողջությամբ, բայց մենք բյուջեով նախատեսել ենք 40 մլրդ աղքատության վերացման համար: Ընդհանուր առմամբ, տարեկան 500-600 մլրդ դրամ են մարդիկ ստանում դրսից իրենց ազգականներից: Դուք ձեզ հարց տվեք՝ եթե մեզ աղքատության վերացման համար անհրաժեշտ է 200 մլրդ փող, ինչո՞ւ է աղքատությունը շարունակում կազմել 30 տոկոս: Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ վերահսկողության մեխանիզմն է, պետք է ունենալ ճիշտ պետություն. որը կլինի հասանելի, հասկանալի եւ կառավարելի: Սա է ամենամեծ խնդիրն է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հակոբ Հակոբյանն անդրադարձավ նաեւ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին, թե պետական բյուջեի նախագծով 5560 աշխատատեղի կրճատումն անթույլատրելի է: Հանձնաժողովի նախագահի խոսքով, անթույլատրելին այն է, որ 50 մարդու աշխատանքը կատարում է 55-ը:

«Պետությունն ունի պարտավորություն բոլորի նկատմամբ, այդ թվում նրանց, որոնց աշխատանքից ազատում է: Եթե մենք աշխատատեղեր չենք ստեղծել, պետք է կրճատե՞նք 5560-ին: Դրա համար անհրաժեշտ է տնտեսական աճ, իսկ որտե՞ղ է այդ տնտեսական աճը: Եթե համեմատեք 1997թ.-ն ու 2017թ.-ը, կհասկանաք՝ որտեղ է այդ տնտեսական աճը: 20 տարի առաջ Սյունիք հասնելու համար 5 ժամ գնում էիր, հետ գալուց մեքենադ կջարդեիր եւ ոտքով հետ կգայիր: Չեք մոռացել չէ՞ մեր ճանապարհները, կոմունիկացիաները: Տնտեսական աճը երկրի զարգացման տենդենցի մեջ է: Տնտեսական աճը բավարա՞ր է, իհարկե, ոչ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Պատգամավորն այնուհետեւ հորդորեց ընդդիմադիրներին քննադատել «ռեալ եւ գիտակցորեն»: Առողջապահության ոլորտի ծախսերին, Հակոբյանի խոսքով, ինքն էլ համաձայն չէ, քանի որ օրինակ ամբուլատոր օղակին տրամադրվող այդքան մեծ ծախսերն այնքան էլ արդյունավետ չեն:

«Ժողովրդագրական խնդիրներից եք խոսում, այո, համաձայն եմ, դա լուրջ խնդիր է: Ո՞վ է ասել, որ դրանք միայն փողով են լուծվում: Ո՞վ է ասում, որ սոցիալական պետությունը պարտավոր է պահել չաշխատող քաղաքացուն: Սոցիալական պետությունը պետք է աշխատատեղեր ստեղծի, ի՞նչ է նշանակում՝ չաշխատող մարդուն փող տալը պետության պարտավորությունն է»,- ելույթի վերջում բարկացավ Հակոբ Հակոբյանը: