Արտաբյուջետային ֆոնդ կոչեցյալը կրիմինալ ինստիտուտ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17–ին, Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում լրացում կատարելու  նախագծերին։

Օրինագիծը ներկայացնող ՊԵԿ-ի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն իր խոսքում նշեց, որ  հարկային ու մաքսային մարմնի նյութական խրախուսման ֆոնդի տնտեսված միջոցների ծախսման ուղղություններ սահմանված չեն եւ առաջարկվում է, որ այդ միջոցները ՀՀ կառավարության որոշմամբ ուղղվեն ՀՀ պահուստային ֆոնդ։ Վարդան Բոստանջյանը  արտաբյուջետային ֆոնդի մասին իր կարծիքն արտահայտեց  հետեւյալ օրինակով.  

«Հատուկ մարմինները հրեային հարցնում են՝ ճոխ ծախսերիդ փողը որտեղից, ասում է՝ արկղից եմ վերցնում, բա արկղում որտեղից, ասում է՝ կինս է դնում, ասում են՝ կնոջդ որտեղից, ասում է՝ ես եմ տալիս, ասում են՝ քեզ որտեղից, ասում է՝ ես էլ արկղից եմ վերցնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, էս արտաբյուջետային ֆոնդ կոչեցյալը կրիմինալ ինստիտուտ է, իմ համոզմամբ, եւ ընդհանրապես իրենց հարգող երկրները նման բաներ չեն ունենում, որովհետեւ հասկանում են, որ բյուջե հասկացությունը ոչ թե մեր ստեղծածն է, այլ մի ինստիտուտ է, որտեղ հավաքվում է պետության գործառույթների համար ֆինանսական ռեսուրսները Սահմանադրությամբ սահմանված կարգով»:

Նրա խոսքով, ցանկացած օրինական փող գտնվում է բյուջեում եւ արտաբյուջե ռեժիմները որպես կանոն չեն ունենում համապատասխան թափանցիկություն ու չեն ունենում ծախսման հիմնավորման ուղղություն. «Այս առումով ես մտածում եմ, որ հատկապես հարկային մաքսային գործառույթների իրականացման ու համակարգը ուժեղացնելու համար կարող են եւ բյուջեից համապատասխան հատկացումներ անել, եթե չենք անում, դա դեռ չի նշանակում, որ մի տեղից փողը հանենք մի տեղ ուղարկենք։ Սա ապակողմնորոշիչ գործողություն է։ Եկեք չչարանանք, պարզապես մի անգամ ուժեղ լինենք ու ազատվենք այդ արտաբյուջետային միջոցներից»։