Որքան կարելի է փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին հարկային տեռորի ենթարկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17–ին, Ազգային ժողովում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով դահլիճում գտնվող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին։ Նշենք, որ ԱԺ–ում քննարկվում է «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում լրացում կատարելու նախագիծը։
«Հարկային օրենսգիրքը այն կարեւոր փաստաթուղթն է, որը պետք է լիարժեքորեն կարգավորի մեր երկրի քաղաքացիների եւ պետության հարաբերությունները։ Օրեր շարունակ, Ազգային ժողովի նիստերին զուգահեռ հարյուրավոր փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացիներ իրենց օբյեկտիվ դժգոհությունն էին ներկայացնում ԱԺ հարակից տարածքում, խմբակցություններին գրավոր դիմում են ներկայացնել ՝մանրամասնելով, որ իրենց նկատմամբ անհամաչափ քաղաքականություն է վարվում։ Պարոն Միրումյան, պետական ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյա եք, կարելի՞ է երեք ամիս շարունակ նեղություն տալ շատ փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացնող քաղաքացիներին։ Երեք ամիս շարունակ չսափրված դեմքով, չներկայանալով, հարկային տեսուչները այցելել են նրանց։ Ակնհայտորեն քաղաքականություն իրականցնելու միտում կա։ Այս օրենքի նախագծի շրջանակում, քանի որ այն անմիջականորեն առնչվում է ՓՄՁ ներկայացուցիչներին անհնար է խնդիրը չբարձրացնել։ Այս քաղաքացիները վարկեր են վերցրել, որ բիզնեսը կայացնեն։ Արդեն վարկերը վարկով են փակում, որքա՞ն կարելի է նրանց նկատմամբ հարկային տեռորը շարունակել»,–հայտարարել է Վահե Էնֆիաջյանը։











