ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 28-ի դատական նիստում կհրապարակվի դատավճիռը:

Նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես եկավ պաշտպանական ճառով՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Նա շեշտել է, որ նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ այն հրթիռ չէ, հրթիռի մասնիկ է. «Հրթիռը ամբողջական է, երբ որ մեխանիզմը վրան է։ Հակառակ դեպքում այն կոչվում է խողովակ՝ տրուբա։ Ես գիտեմ իմ իրավունքները, ես հանցանք չեմ կատարել»,–հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը՝ հավելելով, որ իրեն ձերբակալելու փուլից 2-3 ժամ իր հետ խոսել են քաղաքականությունից ու բացատրել են՝ ինչի համար են բռնել:

Ինչ վերաբերում է  փողերի լվացման մեղադրանքին, Սամվել Բաբայանը հայտարարել է, որ կրիմինալ տարր պարունակող որեւէ քայլ չի կատարել. «Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որեւէ բան չեմ թաքցրել: Երբ որ հասկացել են, որ հրթիռի մասով իրենց դիրքերը թույլ են, էս մյուս մեղադրանքը քաշել բերել պոչից կապել են»:

Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել: