Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստին ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի հստակեցման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:
«Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես, մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարեւոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը: Այդ պատճառով հատկապես կարեւոր է, որ այդ գործընթացն իրականացվի հստակ, կանխատեսելի եւ դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս առեւտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որի միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները եւ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։
«Գործող ապրանքների՝ տեղական եւ օտարերկրյա, ծագման երկրի հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն եւ դրանից ելնելով հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումն առաջացնում է հայեցողական լիազորությունների տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն»,– ասաց նա եւ նշեց, որ կարգով սահմանված չեն նաեւ հավաստագրերի տրամադրման մերժման կամ հիմնավոր փորձաքննության դեպքերի վերահսկողական մեխանիզմները։
Այսպիսով, ելնելով վերոնշյալից, ՀՀ վարչապետը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարեց, իսկ ռազմավարական նախաձեռնությունների գործադիր տնօրենին ու առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավարին առաջարկեց մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարությանը ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու եւ հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ։











