Մայրքաղաքի բնակիչներն այլեւս չեն զարմանում նախատոնական թանկացումներից. գրպանին հարմար չէ, բայց արդեն սովորել են ու լուռ համակերպվում են: NEWS.am-ի՝ երեւանյան փողոցներում կատարած հարցման արդյունքում Երեւանի բնակիչների մեծ մասը նշեց, որ արդեն սկսել են ամանորյա գնումները՝ մտավախություն ունենալով, որ նախատոնական օրերին թանկացումներն ավելի շատ կլինեն: Երեւանցիները կատակում են՝ ամանորյա սեղանի պատրաստություններն հաճախ ավելի թանկ են արժենում, քան արտասահման գնալը:

«Անցած տարի արտասահմանում եմ անցկացրել, բայց էս տարի Երեւանում եմ անցկացնելու՝ ֆինանսապես ավելի հարմար ա ու կարծում եմ, որ ընտանիքի հետ պետք է էդ օրը լինել: Արդեն պատրաստությունները սկսել ենք ու լավ էլ ճոխ ենք սկսել, ինձ թվում ա՝ ավելի թանկ է նստելու»,-ասում է բնակիչներից մեկը:

Տարեց բնակիչներից Հայկազ պապիկն էլ ասում է՝ «թանկացնում են, որ հայերը Նոր տարի չանեն: Մի ամիս կա Նոր տարուն, բայց արդեն ամեն ինչը թանկացրել են՝ սկսած հացից, վերջացրած մանդարինից, սենց են անում, որ Նոր տարին չկարողանանք նշել»: Հայկազ պապին կատակում է՝ հենց թանկացումների պատճառով էլ կորցրել է Ձմեռ պապիկի հանդեպ ունեցած հավատը. «Բոլորն էլ խաբեբաներ են, ինչ Ձմեռ պապիկ, աղջիկ ջան, ժողովրդին տանջում են»:

Չնայած ֆինանսական խնդիրներին, երեւանցիները լավատես են՝ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի գալիք տարին դիմավորեն ուրախ ու ջերմ մթնոլորտում, իսկ թե ինչ է պետք այդ մթնոլորտն ապահովելու համար՝ ասում են. «Ճոխ սեղան ու կուշտ ստամոքս»: