Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանում անցկացվել է Գինու միջազգային համաժողով՝ «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը. հետեւություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով, որին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից եւ Հայաստանից:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի  մասնակիցները 2 օր շարունակ քննարկել են գինեգործության զարգացմանն ուղղված քայլերը եւ զուգահեռ ծանոթացել հայկական գինու հազարամյա պատմությանը:

«Մենք ունենք պատմություն, մենք ունենք յուրահատուկ սորտեր, մենք ունենք ներդրված տեխնոլոգիաներ, եւ այս բոլորը համադրելով` մենք իսկապես կունենանք լավ արդյունք»,-նշել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

«Ես Բուլղարիայից եմ, վերջին 3 տարվա ընթացքում աշխատել եմ  Հայաստանի հետ` որպես Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի գինու տարածաշրջանային խորհրդատու: Երբ առաջին անգամ փորձեցի հայկական գինին,  զարմացած էի: Հիանալի  կարմիր գինիներ ունեք, հատկապես Արենի սորտից պատրաստված: Դրանք միջազգային պահանջներին բավարարում են իրենց համով, հոտով եւ բույրով»,-հավելել է գինու միջազգային փորձագետ-սոմելյե Վիլի Գալաբովան:

Միջոցառման երկրորդ օրը միջազգային փորձագետները հայ գործընկերների հետ մասնակցել են լիագումար նիստի, որի ընթացքում քննարկվել են գինու տուրիզմին առնչվող հարցեր: Նրանց մասնակցությամբ անցկացվել են նաեւ 4 կլոր սեղաններ` ներդրումային ծրագրերի, աշխարհագրական մակնշման համակարգի, խաղողի տնկարկների կադաստրի, գինու բիզնեսի եւ խաղողագործության թեմաներով:

Միջազգային համաժողովի քննարկումներին հաջորդել է գինու համտեսի երեկոն, իսկ հաջորդ օրը Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի  հրավիրյալ մասնագետներն արդեն Արենիում շարունակել են ծանոթանալ ավելի քան 6000-ամյա  հայկական գինու պատմությանը:

Միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ասիական զարգացման բանկի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Համաժողովի գործընկերներն են գինի եւ կոնյակ արտադրող մի շարք ընկերություններ: