Աղքատության կրճատման հետ կապված լուրջ աշխատանքներ պետք է տանենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Հանրապետական խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Այդ խնդիրների դեմ պետք է այնպիսի գործիքներ օգտագործենք, որ կարողանանք հաղթահարել, բայց այն նպատակները, այն ծրագրային դրույթները, որոնցից առաջնայինը աղքատության կրճատման հարցն է, դրված են մեր առջեւ ու պետք է դրա հետ կապված լուրջ աշխատանքներ տանենք», - ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշները, ըստ որի Հայաստանում աղքատության ցուցանիշը 29,4 տոկոս է, իսկ 2016-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար։

Դիտարկմանը, թե արդեն տասը տարի Հանրապետականը իշխանության ղեկին է, իսկ երկրում աղքատությունը գնալով աճում է, ՀՀԿ-ականը արձագանքեց. «Ես խնդրում եմ մեր փնտրածներին դուք չկասկածեք եւ նայեք ընդհանուր համեմատության դաշտում: Եթե դուք այլ երկրների օրինակներ կբերեք, որ այնտեղ շատ հստակ է, վիճակը բարվոք է, կարող ենք ասել, որ մենք լավ չենք տիրապետում այդ գործիքներին»։

Ինչ վերաբերում է արտագաղթին, պատգամավորը հարց տվեց. «Կա՞ն երկրներ, որտեղից չեն մեկնում արտագնա աշխատանքի։ Ես խնդրում եմ նայեք Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտագաղթը»։

Պատգամավորի խոսքով, եթե մեկնում են արտագնա աշխատանքի, պետք է չմոռանալ, որ նրանք նաեւ վերադառնում են։ Նա ասաց, որ գործող կառավարությունը պարտավորվել է, որ արագ տեմպերով զարգացում ապահովի եւ հորդորեց մեղավորներ չփնտրել, որ նախկինում զարգացման տեմպերը դանդաղ են եղել։