Ազգային Ժողովում այսօր նորից արտահերթ նիստ է գումարվել: Այն մեկնարկել է խառնաշփոթով: Նիստի մեկնարկին պարզվել է, որ պատգամավորների գրանցման էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ պատգամավորները չեն կարողացել գրանցվել: Գեներալ Սեյրան Սարոյանը տեղից արձագանքել է՝ «Կինոն չկա, էդ տելեվիզրները միացրեք»: Պատգամավորներին, ի վերջո, հաջողվել է գրանցվել:
Իսկ կառավարության նախաձեռնած արտահերթի օրակարգում 17 հարց է ներառված: Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծից «Ծառուկյան» խմբակցությունը դժգոհ է. ձերբակալված եւ կալանավորված անձանց հարցաքննությունները տեսաձայնագրելու իրենց առաջարկները չեն ընդունվել: Նաիրա Զոհրաբյանը դժգոհել է. ինչո՞ւ է կառավարությունը կոնվեերային սիստեմով մերժել «Ծառուկյան» խմբակցության շատ կարեւոր առաջարկները:
Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների հետ կապված էլ մի շարք հարցեր ուներ Գեւորգ Գորգիսյանը: «Ելք»-ի պատգամավորը տարակուսում է, թե ինչո՞ւ է օրենսգրքից հանվել «հայրություն» բառը: Գեւորգ Գորգիսյանին հասկանալի չէ նաեւ ռասայական խտրականությանը վերաբերող կետը: Պատգամավորին հետաքրքրում է, թե ո՞ր դեպքերը կարող են ռասայական խտրականություն համարվել եւ դատարան դիմելու առիթ դառնալ: Էդուարդ Շարմազանովն էլ կատարել է. Գորգիսյանի հարցը զուտ տեսական է:
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը սնանկ է ճանաչվել եւ Ազգային ժողովի խոսնակին դիմել՝ խնդրելով իրենից չգանձել բջջային ծառայությունների համար կուտակված մի քանի միլիոն դրամը: Պատգամավորը սա «հիմարություն» է որակել ու, իր կուսակից Հակոբ Հակոբյանի օրինակին հետեւելով, դուռը շրկխացրել լրագրողների դեմքին:
«Ծառուկյան» խմբակցությունը ստացել է նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարելու հարցը քննարկելու՝ «Ելք»-ի առաջարկը: Գեւորգ Պետրոսյանն այսօր լրագրողներին ասել է, որ հարցը դեռ չեն քննարկել: Դիտարկմանը, թե «Ելք»-ն աջակցություն է ակնկալում, Պետրոսյանը պատասխանել է, թե իրենք որեւէ պարտավորություն չունեն այդ ակնկալիքներն արդարացնելու: «Ծառուկյան» դաշինքը դեռ չի քննարկել նաեւ առանձին թեկնածու առաջադրելու հարցը, թեեւ նման հնարավորություն խմբակցությունն ունի. պատգամավորների թիվը բավարար է: Բայց դա դեռ չի նշանակում, որ սատարելու են «Ելք»-ի թեկնածուին: Իսկ «Ելք» դաշինքն ըմբռնումով կմոտենա, եթե «Ծառուկյան» խմբակցությունը մերժի իրենց առաջարկը կամ որոշի սատարել իշխանության թեկնածուին: Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ իրենք հայտ են ներկայացրել հանրությանը, ոչ թե առանձին կուսակցության: Եվ պետք չէ փորձել որեւէ հակադրություն փնտրել «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների միջեւ, «խառնել էծն ու ոչխարը»:
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը: Էդմոն Մարուքյանի կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերացել են նախկինում գոյություն ունեցող բոյկոտի քաղաքական հիմքերը, եւ խմբակցությունն այսուհետ մասնակցելու է ավագանու նիստերին: Կուսակցությունը, սակայն, պնդելու է, որ 2017 թվականի ընթացքում գումարված «ապօրինի նիստերի ընթացքում ընդունված բոլոր որոշումները հերթականությամբ ներառվեն ավագանու առաջիկա նիստերի օրակարգերում»:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտում էին նիստերը, սակայն ՀՀԿ-ն շարունակում էր քվորումի բացակայության պայմաններում նիստեր գումարել: Շաբաթներ առաջ «Հայկական վերածնունդը», ի վերջո, համաձայնագիր ստորագրեց Հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ. դրա դիմաց ՀՎԿ-ին փոխքաղաքապետի պաշտոն տվեցին: «Լուսավոր Հայաստանը» դիմեց կառավարությանը՝ Վանաձորում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, սակայն երեկ գործադիրը մերժեց պահանջը:
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներից երկուսը շարունակում են հացադուլը: Դավիթ Պետրոսյանը մեր թղթակցին ասել է, որ գիշերը նորմալ է անցել՝ հավելելով, որ հացադուլը շարունակելու են:
Էդուարդ Շարմազանովը տղաներին կոչ է անում դադարեցնել հացադուլն ու վերադառնալ բանակցություններին: Ազգային ժողովի խոսնակն ուսանողներին նաեւ հորդորում է մաքսիմալիստ չլինել: Հիշեցնենք, որ երեկ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտնել էր, թե տարկետման իրավունքի հարցով իշխանության ներկայացուցիչների հետ շուրջ մեկ ամիս տեւած բանակցություններն անպտուղ են եւ հայտարարել պայքարը վերսկսելու մասին: Դավիթ Պետրոսյանն ու Յուրա Ավագյանն էլ նորից փակվել են ԵՊՀ-ի լսարաններից մեկում եւ անժամկետ հացադուլ հայտարարել:
Ռուսաստանում օդանավ է կործանվել. պատահարի հետեւանքով երեք զոհ եւ վիրավորներ կան: Պաշտոնապես հաստատվել է, որ Նարյան Մարում տեղի ունեցած պատահարի հետեւանքով երկու կին եւ 5-ամյա երեխա է զոհվել: 10 տուժած հիվանդանոց է տեղափոխվել: Տեղական իշխանության տվյալներով՝ օդանավում 13 մարդ է եղել, այդ թվում՝ ՆԳՆ աշխատակիցներ եւ տեղական վարչակազմի պաշտոնյա: Իրավապահները փորձում են պարզել ինքնաթիռի կործանման պատճառը:
Երեւանում վերջնականապես Ամանորի շունչ հաստատվեց: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ վառվել են մայրաքաղաքի գլխավոր՝ Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը: Այսօր միացվել է նաեւ Երեւանի տոնական լուսավորությունը: Իսկ Ազատության հրապարակում բացվել է հեքիաթային «Սառցե քաղաքը»: Այստեղ Ձմեռ պապի տնակ, սառցե կառույցներ են տեղադրված: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հեքիաթային քաղաքը կարող են վայելել մինչեւ հունվարի 13-ը: Այդ ընթացքում այստեղ նաեւ կարուսելներ կգործեն:
Դոլարը շարունակում է արժեզրկվել, իսկ եվրոն թանկացել է: Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 19-ին կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 569, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 644 դրամ:
Դեկտեմբերի 20-ին օրվա երկրորդ կեսից եւ 21-24-ը հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:











