Խորվաթիայի Ռիեկ քաղաքում արդեն ավանդական դարձած ամանորյա լողորդության ժամանակ երկու մարդ է մահացել, հայտնում է Dnevnik.hr-ը։ Փրկարարական գործողությունը, որի ընթացքում երկու հրշեջ ծառայող է տուժել, տեսագրել են։
Քաղաքի կենտրոնում Jadran հյուրանոցի դիմաց արդեն չորրորդ անգամ են ամանորյա լող կազմակերպում, այս տարի դրան մասնակցելու ցանկություն էր հայտնել 15 մարդ։ Չնայած փրկարարների զգուշացումներին՝ հունվարի 1-ին, երբ ծովում ուժեղ ալեկոծություն էր կանխատեսվում, Սանտա Կլաուսի հանդերձանքով մասնակիցները նետվել են ջուրը։ Սուզվելը բավականին հեշտ է եղել նրանց համար, բայց ահա այնտեղից դուրս գալն արդեն խնդրահարույց էր․ բարձր ալիքները մարդկանց նետում էին քարերի ու բետոնե սալահատակի վրա։
Այդ ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել են 65 ու 66 տարեկան երկու տղամարդիկ, կան նաև տուժածներ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։











