Անցյալ տարեվերջին սկսված թանկացումները շարունակվում են նաեւ այս օրերին: Հունվարի 1-ից հանրապետությունում թանկացել են բենզինը, դիզելային վառելիքն ու բնական հեղուկ գազը: Սա պայմանավորված է Հարկային նոր օրենսգրքով, որը համաձայնեցվել է ԵՏՄ կանոնակարգին. այսօր պարզաբանում է տարածել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն»-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահ է, սակայն, որ սա միայն սկիզբն է, դեռ 40 անուն ապրանք էլ թանկանալու է:  Սպառողական ապրանքների թանկացումները բողոքի ալիք են բարձրացրել: NEWS.am-ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհել են, որ ստիպված հրաժարվել են որոշ մթերքներից՝ նախապատվությունը տալով դեղերին:Թոշակառուների սուղ բյուջեն նույնիսկ կենսական անհրաժեշտության դեղերին չի բավականացնում։

Հունվարի 19-ին թանկացումների դեմ Երեւանում բողոքի երթ է անելու «Ելք» դաշինքը: Նշենք, որ հանրապետության նախագահն այսօր հանդիպել է ֆինանսների նախարարի հետ եւ հորդորել ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելուց:

Արցախում ականապայթյունային վիրավորում է ստացել 2 զինծառայող: Նրանք վիրավորվել են մարտական դիրքում հունվարի 4-ին: Երկուսն էլ Ստեփանակերտից տեղափոխվել են Երեւան, նրանց վիճակը կայուն ծանր է գնահատվում: Հիշեցնենք, որ հունվարի 7-ին էլ հակառակորդի կրակոցից զոհվել էր մեկ ժամկետային զինծառայող, եւս երկուսը թեթեւ վնասվածքներ էին ստացել: 

Երեւանում 2 ոստիկանի մահվան ելքով վթարի գործով նախօրեին ձերբակալվել է «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականունով հայտնի Սարգիս Վարդանյանը: Ողբերգական վթարը տեղի էր ունեցել Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում. Վարդանյանը «BMW X6»-ով բախվել էր ճանապարհային ոստիկանության մեքենայի, ինչի հետեւանքով ոստիկաններից մեկը տեղում էր մահացել, մյուսը՝ հիվանդանոցում: 

Քննչական կոմիտեն պարզել է, որ «Ճվճվ Արոյի» որդին եղել է առանց վարորդական իրավունքի, մեքենայում եւս 2 անձ է եղել: Ի դեպ, «Սաքուլիկն» ու եղբայրն առաջին անգամ չէ, որ հայտնվում են նման սկանդալային պատմության կենտրոնում, սակայն միշտ, այսպես ասած, «ջրից չոր են դուրս գալիս»: Հատկանշական է,  որ երեկվա վթարից հետո իրավապահները հանկարծ «հիշեցին», որ «Սաքուլիկի» եղբայրը՝ Սերժ Վարդանյանը, նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի, հետախուզում հայտարարվեց, իսկ այսօր արդեն նա բերման ենթարկվեց ոստիկանություն եւ կալանավորվեց

Շուրջ 20 ընտանիք տուրիստական ընկերության խաբեության զոհն է դարձել, եւ Ամանորը ստիպված դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում: Ընտանիքները «Պրոգրեսսիվ թրավելի» միջոցով պետք է Եգիպտոս մեկնեին, սակայն օդանավակայանում պարզվել է, որ իրենց կեղծ փաստաթղթեր են տվել: Տուրիստներն արդեն դիմել են իրավապահներին: Դատարան է պատրաստվում դիմել նաեւ տուրիստական ընկերության տնօրենը: Նա պնդում է, որ ինքն է խաբեության զոհ դարձել

Ռուսաստանում Ամանորի գիշերը 2 հայ տղամարդ այլոց ծեծկռտուքի պատահական զոհ են դարձել։ Կրասնոդարում գործող սրճարաններից մեկում կնոջ պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ մի տղամարդ կրակ է բացել ներկաների ուղղությամբ: Հրաձգության հետեւանքով ազգությամբ հայեր՝ սրճարանի դիջեյն ու այցելուն տեղում մահացել են: Հարուցվել է քրեական գործ, ձերբակալված կա

Տոնական օրերին Երեւանի շտապօգնության ծառայությունը 6.582 կանչ է ստացել՝ 466-ով ավելի, քան անցյալ տարի: Լրագրողների հետ հանդիպմանը «Շտապօգնության» ղեկավար Թագուհի Ստեփանյանը նշել է, որ այս տարվա առաջին օրերին կանչերի հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն էին, բարձր ջերմությամբ ուղեկցվող մրսածությունը, վնասվածքները: Եղել է թունավորման 8 դեպք, որից 4-ը՝ ալկոհոլային խմիչքների չարաշահման պատճառով

Հունվարի 9-ին եվրոն էժանացել է շուրջ 3 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 578, ռուբլունը՝ 8 դրամ 49 լումա, ֆունտինը՝ 656 դրամ

Հանրապետության տարածքում հունվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +7+9 աստիճան տաքություն