Ի աջակցություն 2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի, «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր` հունվարի 11-ին, «Սասնա ծռերի» անդամները հրաժարվեցին իրենց պաշտպաններից: Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանը հայտարարեց, որ չի ցանկանում մնալ նիստերի դահլիճում եւ լքում է նիստերի դահլիճը: Արմեն Լամբարյանին միացան նաեւ մյուս անդամները:
Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանն էլ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին կոչ արեց ավելի «լրջորեն» մոտենալ իրենց աշխատանքին. «Դուք պետք է լրջորեն մոտենաք դատավարությանը, ապստամբի կերպարից դուրս գաք, թե չէ մեր դատւարանները այսօր ցռան մոզիների պակաս չունեն»:
Ամբաստանյալներից Վարդգես Գեւորգյանն էլ հայտարարեց, որ եթե իր հացադուլավոր ընկերների պահանջը չկատարվի, ապա ինքը եւս հացադուլ կսկի ի պաշտպանություն նրանց:
Արմեն Լամբարյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ հայտարեց, որ հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսղյանին դանդաղ «սպանում են». «Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ տղաներին դանդաղ սպանում են, նման էքսպերիմենտ անցած տարի արել են Հաց բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ, որը գիտենք, թե ինչպես վերջացավ»:
Այնուհետեւ «Սասնա ծռերի» անդամները լքեցին դատական նիստերի դահլիճը, դատարանը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց` երկու ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:
Դատական նիստը հետաձգվեց:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:











