Հայաստանի Հանրապետության նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել մեծամասնության թեկնածուի համար։ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 15-ին Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում արձագանքել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրենք «Ելք» խմբակցությունից ՀՀ նախագահի իրենց թեկնածուին աջակցելու վերաբերյալ դիմում չեն ստացել:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը չէր կարող ստացած չլինել իրենց պաշտոնական գրությունը: «Այդ գրությունը մենք պաշտոնապես ուղարկել ենք, դա ֆիքսվել է: Ես ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքին այդ նամակի տպագրված տարբերակը տեսել եմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել մեծամասնության թեկնածուի համար, ինչն իրենց համար շատ ցավալի փաստ է: «Այս խորհրդարանի մարմինների ձեւավորման ընթացքում մենք հայտարարել եւ կողմ ենք քվեարկել «Ծառուկյան» դաշինքի բոլոր թեկնածուների օգտին: Մենք դա արել ենք անկախ ամեն ինչից, որպեսզի կարողանաք ձեւավորել առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ: Սակայն այդ ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս, եւ դա ցավալի է»,- ասել է Փաշինյանը: