Ամերիկացի ձկնորսները հասցրել են ջուրը նետվել մոտորանավի հետ իրենց նավի բախվելուց մեկ վայրկյան առաջ, հայտնում է Oregon Live-ը:
Պատահարը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ ԱՄՆ Օրեգոն նահանգում: Տեղացի ոստիկան եւ ոչ պրոֆեսիոնալ ձկնորս Բրայան Մեսսը 2 ընկերների հետ ոչ մեծ նավով Կոլումբիա գետում սաղմոն էր որսում: Նրանք իրենց հետ տեսախցիկ էին վերցրել, որն էլ տեղի ունեցածը նկարահանել է:
Ինչ-որ պահի ձկնորսները նկատել են, որ մեծ արագությամբ իրենց ուղղությամբ է գալիս մոտորանավը: Նրանք սկսել են բղավել եւ ձեռքերով թափահարել, որ գրավեն կապիտանի ուշադրությունը, սակայն նավն ուղղությունը չի փոխել: Եռյակին այլ բան չէր մնում, քան նետվել սառցաջուրը: Տառացիորեն մեկ վայրկյան հետո մոտորանավը մխրճվել է նրանց նավակի մեջ:
Ձկնորսները ողջ են մնացել, սակայն ձեռքերի եւ ոտքերի վնասվածքներ են ստացել: Նրանք արդեն դատարան են դիմել մոտորանավի կապիտան Մարլին Լարսենից փոխհատուցում ստանալու պահանջով: Ինքը Լարսենը, ում արյան մեջ ալկոհոլի կամ թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել, իրեն մեղավոր չի համարում եւ պնդում է, որ նավակը պարզապես չի տեսել:











