ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 1963թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ Երեւան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության կասկածանքով:

2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ Լ.Ասատրյանի դիակը։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւանի բնակիչ՝ ծնված 1963թ.։ Նախնական քննության տվյալներով՝ դեպքից օրեր առաջ տուժողը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 1963թ ծնված,  կոշիկի ներդիրների վաճառքով զբաղվող տղամարդու հետ, ով վրեժխնդրությունից դրդված դեկտեմբերի 22-ին գնացել է Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկա եւ դանակով 2 անգամ հարվածել 60-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։

Կասկածյալը հունվարի 17-ին ձերբակալվել է եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: