80 տարի առաջ՝ 1938 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում ծնվեց Վլադիմիր Սեմյոնի Վիսոցկին: Բանաստեղծ, խուլիգան, քնքուշ ռոմանտիկ, մեծ երգիչ, երգերի հեղինակ եւ դերասան: Նրա ստեղծագործությունը հոգեհարազատ է յուրաքանչյուրին եւ միաժամանակ՝ մշտապես չափազանց անձնական է: Նրա յուրաքանչյուր երգը մի աշխարհ է, որ նա նվիրել է մարդկանց:
Ականավոր բանաստեղծի ծննդյան օրը ներկաացնում ենք նրա կյանքի հետաքրքիր փաստեր եւ նրա արտահայտությունները:
Հրաշք փրկություն

Հնարավոր է, որ մենք երբեք չէինք լսի դերասան եւ բանաստեղծ Վիսոցկու մասին, կամ նա հայտնի կլիներ միայն մարդկանց նեղ շրջանակին, եթե չլիներ մանկության տարիներին նրա հետ պատահած հրաշքը: Վոլոդյան մեծացել է հետպատերազմական ժամանակաշրջանում: Մի անգամ երեխաների խումբը ինչ-որ տեղ զինամթերք է գտնում եւ որոշում այն այրել: Նետում են խարույկի մեջ: Պայթյունը կուրացրել էր Վոլոդյայի բոլոր ընկերներին: Բայց նա անվնաս էր մնացել:
Ստեղծագործական հերթագայություններ

Չնայած Վիսոցկին որպես դերասան հռչակվեց դեռեւս կենդանության օրոք, ռեժիսորներն այնքան էլ չէին սիրում նրա հետ աշխատել: Նա «դժվար» դերասան էր համարվում: Այսպես՝ Ստանիսլավ Գովորուխինը հիշում է, որ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» սերիալի նկարահանումների ժամանակ Վլադիմիրը երբեք չէր կարողանում հանձնարարությունն ուղղակի կատարել, նա անպայման պետք է տեսարան բերեր անհատական ինչ-որ բան…. Նա մշտապես շտապում էր, տանել չէր կարողանում երկրորդ դուբլով նկարահնվելը: Առավել հաջողված էր լինում առաջին դուբլով եւ իր՝ Վիսոցկու «սցենարով» նկարահանվածը: Կենդանության օրոք Վիսոցկին շատ էր մտահոգվում, որ ոչ մի պաշտոնական կոչում չունի: Վաստակավոր արտիստի կոչումը նրան շնորհվեց միայն հետմահու, մահվանից 6 տարի հետո: Եվս մեկ տարի հետո Պետական մրցանակ տրվեց: Արդեն վերակառուցման տարիներն էին… Վիսոցկին հայտնի էր որպես դերասան, բայց նա է՛լ ավելի ձգտում էր բանաստեղծական փառքին: Նա երազում էր Գրողների միության անդամ դառնալու մասին: Այդ ժամանակ գրողներն ու բանաստեղծները դերասաններից շատ ավելի էին գնահատվում: Վիսոցկու բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Նյարդ» (Нерв) նույնպես մահից հետո է հրատարակվել, սակայն դեռեւս մինչեւ վերակառուցումը: Նրան խմբագրած բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին բանաստեղծություններում անձամբ 400 ուղղում է կատարել, այլապես գրաքննությունը հրապարակումը թույլ չէր տա:
«Կանանց հարցում խճճվել է…»

Կանանց հետ Վիսոցկու հարաբերությունները բարդ էին: Նա մտերիմ ընկերոջը՝ բանաստեղծ Իգոր Կոխանովսկուն հասցեագրած նամակում գրել է, որ «կանանց հարցում խճճվել է»: Համարվում է, որ Վիսոցկու վերջին մուսան Մարինա Վլադին էր: Սակայն Վլադին Մոսկվայում կարճ ժամանակով էր լինում, նրանք փաստացի միասին չէին ապրում: Իսկ դերասանի կյանքում այդ ժամանակ հայտնվել է երիտասարդ Օկսանա Աֆանասեւան: Հենց նա է Վիսոցկու կողքին եղել նրա մահվան օրը: Չնայած ոչ մեկը չգիտի էլ՝ նրանց միջեւ իսկական սիրավեպ արդյոք եղե՞լ է…
Մահանալուց կարճ ժամանակ առաջ Վիսոցկին հեռախոսով կնոջը նոր բանաստեղծություն է կարդացել: Հուղարկավորությունից հետո Մարինան շատ էր ցանկանում գտնել այդ բանաստեղծությունը: Վերջիվերջո այն գտնվեց՝ գրել էր ինչ-որ դեղատոմսի վրա. Վիսոցին հաճախ էր տողեր գրում ամեն ինչի վրա, ինչ ձեռքի տակ էր հայտնվում…
Ճակատագրի զգացումը

Վիսոցկու կյանքում մեծ թվով միստիկ բաներ են կատարվել: Այսպես՝ Մեքսիկա ճանապարհորդության ժամանակ նա հին մայաների հարթաքանդակ է տեսել, որի վրա փորված էր մարդու կրկնվող դեմք: Դիմագծերը ճշգրիտ հիշեցնում էին իրեն Վիսոցկուն… Երբ նա հարցրել է՝ ով է նա, ինչ-որ մեկը նրան պատասխանել է. «Սրանք մարդիկ են, որոնք հոգով են հիվանդ»: Մի անգամ Վիսոցկու համար գնչուհին գուշակություն է կատարել: Նա խնդրել է 2 խաղաթուղթ հանել, եւ նա հանել է սրտի տուզ ու ղառի իննոց, ինչը նշանակում էր սեր եւ մահ:
Տագանկայի թատրոնում նրա վերջին դերը Համլետն էր: Ըստ ավանդության՝ Շեքսպիրի պիեսը դերասանների համար «դժբախտ» է համարվում: Յուրի Լյուբիմովը հիշում է, որ սկզբում Վլադիմիրի մոտ դերը չէր ստացվում, շատերն ընդհանրապես ռեժիսորին համոզում էին Վիսոցկուն Համլետի դերը չտալ, կարծում էին, որ նրա մոտ չի ստացվի… Սակայն երկարատեւ փորձերից հետո ամեն ինչ ստացվեց:
Համաժողովրդական հուղարկավորություն

1980 թվականի հուլիսի 25-ին՝ Օլիմպիադայի ժամանակ, Վիսոցկին կյանքից հեռացավ: Նրա մահվան մասին հայտնել են ընդամենը 2 թերթ՝ «Երեկոյան Մոսկվան» եւ «Սովետական մշակույթը»: Ռադիոն, հեռուստատեսությունը եւ կենտրոնական լրագրերը լռում էին: Այդուհանդերձ, դերասանին եւ բանաստեղծին վերջին անգան ճանապարհելու էին եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Հերթը ձգվում էր թատրոնի դիմացի հրապարակից ներքեւ՝ գետափով ընդհուպ Կրեմլ հասնելով: Եվ սա հուլիսյան սարսափելի շոգին: Իշխանությունները ցանկանում էին Վիսոցկուն «արագ» հուղարկավորել: Հենց դագաղը տարել են, գործի են դրել լվացող մեքենան, որ մաքրեն ասֆալտին սփռված ծաղիկների բլուրները: Եվ պատրաստվում էին հանել թատրոնի պատուհանին փակցված հանգուցյալի դիմանկարը: Այդ ժամանակ դեռեւս չհեռացած բազմությունը սկսել է վանկարկել. «Ֆա-շիստ-ներ: Ֆա-շիստ-ներ»: Այդպես էլ չհաջողվեց թաքցնել համաժողովրդական սիրելիի մահը:
- Ես շատ ընկերներ ունեմ: Ինձ Աստված պարգեւատրել է: Ոմանք խմում են եւ ինձ չեն տալիս, մյուսները չեն խմում, բայց ինձ չեն հանդիմանում: Բոլոր ընկերներս մեկ դեմք ունեն՝ ոչ այն պատճառով, որ նման են, այլ՝ որ ընկերներ են: Եվ ես առանց նրանց շունչս կփչեմ, դա հաստատ է: Ամենից շատ վախենում եմ նրանցից որեւէ մեկին հիասթափեցնելուց: Հենց դա էլ ամբողջ ժամանակ նյարդի ու բեմի վրա է պահում, ե՛ւ երգերում, ե՛ւ իմ սնապարծության մեջ:
- Չգիտես ինչու, հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս բոլոր մարդիկ ձգտում են ավելի խելացի երեւալ, քան իրականում են: Այս հաղորդումների ժամանակ մշտապես բեմի կոշիկներ կան: Եվ նույնիսկ ինձ համար ամենահարգարժան բանաստեղծները, գրոեղները կամ դերասանները, որոնց սարսափելի սիրում եմ, երբ էկրանին են խաղում, այսպիսի հաղորդումներում, չգիտես ինչու, ոչ թե ավելի խելացի են, այլ մի փոքր այլ, քան կան: Մինչդեռ ամենահետաքրքիրը իմանալն է, թե ինչպիսին են իրականում:
- Երջանկությունը ճանապարհորդություն է՝ պարտադիր չէ աշխարհից աշխարհ… Այս ճանապարհորդությունը կարող է կատարվել ուրիշ մարդու հոգի, ճանապարհորդություն գրողի կամ բանաստեղծի աշխարհ… Եվ ոչ թե մենակ, այլ մարդու հետ, ում դու սիրում ես: Գուցե ինչ-որ ուղեւորություններ, բայց երկուսով՝ մարդու հետ, ում սիրում ես, ում կարծիքը թանկ է քեզ համար
- Ես ընդհանրապես բոլոր մասնագիտությունները հարգում եմ, եթե մարդն իր գործի պրոֆեսիոնալ է:
- Երբեք առաջին հայացքից մի՛ դատիր ո՛չ շան, ո՛չ մարդու մասին: Որովհետեւ հասարակ բակապահ շունը կարող է ամենաբարի հոգին ունենալ, իսկ արտաքինից հաճելի մարդը կարող է եզակի սրիկա լինել:
- Ծանոթանալիս ես մարդու մեջ միշտ միայն լավն եմ տեսնում: Մինչեւ մարդն ինքը հակառակը չի ապացուցում:














