2017 թվականի ընթացքում ձեռնարկված հետեւողական միջոցառումների արդյունքում հայ-վրացական սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպման դեպք է բացահայտվել:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպքով կազմակերպել են իրավական կամ փաստաթղթային խնդիրներ ունեցող Վրաստանի 1 եւ ՀՀ 2 քաղաքացիների մեկնումը Հայաստանից Վրաստան կամ հակառակ ուղղությամբ՝ ՀՀ Լոռու մարզի անտառածածկ տարածքներով։

Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 13 անձ, որոնցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 10 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ապօրինի սահմանահատումների, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետեւողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել եւ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հայաստանի Հանրապետության, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով Ազգային անվտանգության ծառայությունը գործուն համագործակցություն է հաստատել օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, քրեական գործերով կատարված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա միտումները, ապօրինի սահմանահատումների առումով առավել խոցելի վայրերը եւ սահմանային պահպանության ու վերահսկողության գործընթացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջնորդագրեր եւ գրավոր առաջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն միջոցներ են ձեռնարկվել ի հայտ բերված թերացումները վերացնելու եւ նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։