Երբ երկիրը ծանր վիճակում էր, Արմեն Սարգսյանը չվախեցավ եկավ զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Երկրապահ կամավորականների միության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Սարգսյանին:

 «Արմեն Սարգսյանը լուրջ մարդ ա, գործից չվախեցող ա։ Երբ երկրի վիճակը ծանր էր, նա չի վախեցել եկել է»,-ասաց նա:

Լրագրողների հիշեցմանը, որ վարչապետ նշանակվելուց հետո 4 ամիս անց Արմեն Սարգսյանն անսպասելի հեռացել է, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Չի թողել գնացել, նա, իրոք, առողջության խնդիր է ունեցել, Աստված չանի որ դուք էլ ունենաք: Ես էլ եմ ունեցել, տարիներով չարչարվել եմ, ամոթ ա, մի վարկաբեկեք.... նախագան հլը չեկե, արդեն վարկաբեկում եք»։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան ԱՐմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ Հայաստանի 4-րդ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուն: Վերջինս էլ նշել է, որ կմտածի այդ առաջարկի մասին: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, երկրի նախագահն ընտրվելու է ԱԺ-ի կողմից եւ ունենալու անհամեմատ սահմանափակ լիազորություններ, քան իր նախորդները: Երկրի թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը: