Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 31-ին, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը եւ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը:
Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մինչ այդ, Հանրապետության նախագահն իր մոտեցումներն ու գնահատականներն է ներկայացրել պաշտպանության նախարարության կողմից մշակված՝ ՀՀ ԶՈւ արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ, որի մշակման մասին հանձնարարականը նախագահը տվել էր 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: 2018-ի տարեսկզբին Հանրապետության նախագահի ներկայությամբ ծրագրի նախագիծը մանրամասն քննարկվել է նաեւ պաշտպանության նախարարությունում:
«Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ինչպես հիշում եք, անցած տարվա հոկտեմբերի 24-ին հանձնարարել էի պաշտպանության նախարարին, որ կազմեն երկարաժամկետ զարգացման ծրագիր 2018-2024 թվականների համար: Եվ այդ հանձնարարականը պայմանավորված էր հետեւյալ հանգամանքով՝ տարածաշրջանում նոր մարտահրավերներ են ձեւավորվում, եւ այդ մարտահրավերներին արձագանքելու լավագույն միջոցը երկարաժամկետ զարգացման ծրագիր ունենալն է: Տեսանք հանրության մեջ հարցեր էին առաջանում, ոմանք ասում էին՝ իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա պաշտպանության նախարարությունը կամ զինված ուժերը չունեին զարգացման ծրագրեր, երկարաժամկետ ծրագրեր: Իհարկե, ունեին, միշտ էլ եղել են ծրագրեր, բայց նախորդ եւ այս ծրագրի տարբերությունն այն է, որ նախորդ ծրագրերը շատ դեպքերում կարճաժամկետ էին, իսկ այն ծրագրերը, որոնք կոչվում էին երկարաժամկետ, ավելի շատ նման էին ցանկությունների, տեսլականի, գաղափարների:
Այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական եւ ֆինանսական ցուցանիշներ: Պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը, իհարկե, մինչ այս ինձ զեկուցել են ծրագրի մասին, այնուհետեւ ես հնարավորություն եմ ունեցել պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ քննարկելու այս ծրագիրը: Այսօր, իմ կարծիքով, առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, եւ որ ամենակարեւորն է՝ կան նաեւ ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ հիմա մենք չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, իհարկե, կարող ենք, դրա համար էլ ներկայացված է անվտանգության խորհրդի հաստատմանը, այնուհետեւ արդեն ընթացք կտանք»,-ասել է Հանրապետության նախագահը:
Անվտանգության խորհուրդը քննարկման արդյունքում հավանություն է տվել ներկայացված մոտեցումներին եւ հանձնարարել կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացք տալ դրանց ու ներկայացնել Նախագահի հաստատմանը:
Օրակարգի երկրորդ հարցի՝ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի մասին զեկուցել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարի ներկայացմամբ՝ հիշյալ գործընթացով նախատեսված սահմանադրական յոթ օրենքներից հինգն ամբողջովին ընդունված են, մեկն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ մեկը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստում՝ փետրվարին:
Դավիթ Հարությունյանը զեկուցել է, որ նույն գործընթացի շրջանակներում օրենքների 27 փաթեթներ եւս արդեն ընդունված են:
ԱԱԽ անդամներին նախարար Հարությունյանը ներկայացրել է մշակված՝ սահմանադրական մարմինների՝ ներառյալ ԱԺ-ի, դատական իշխանության, կառավարության ձեւավորման եւ օրենսդրական կարգավորման գործընթացները:
Նիստում հավանություն է տրվել սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացից ձեռք բերված արդյունքներին եւ հանձնարարվել է կառավարությանը՝ սահմանված կարգով շարունակել դրանց իրականացումն ու ապահովել տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացը:














