Հանրապետական կուսակցությունը քննարկումներից չի խուսափի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը վերանայելու մասին ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկին։

Նշենք, որ ՀՅԴ-ն դեմ է ռեյտինգային ընտրակարգի այս տարբերակին. առաջարկում է, որ համամասնական ցուցակն ամբողջությամբ ներկայացվի բոլոր ընտրատարածքներում եւ ընտրողը հնարավորություն ունենա ամբողջական ցուցակի թեկնածուների միջեւ ընտրություն կատարել, ոչ թե թեկնածուների ներկայացնել ըստ ընտրատարածքների։

«Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է ընդհանրապես վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցնել 100 տոկոսանոց համամասնականի։ 

«Քննարկումներից չենք խուսափելու, ամեն ինչ պետք է նայենք՝ ժամանակի նպատակահարմարությանը, քաղաքական զարգացումներին։ Եթե կզգանք՝ կա դրա անհրաժեշտությունը, կանդրադառնանք այդ հարցերին։ Իսկ քննարկում անպայման պետք է լինի մեր կոալիցիոն գործընկերների առաջարկի վերաբերյալ, երբ կավարտենք Սահմանադրական բարեփոխումների եզրափակիչ այս փուլը, շտապելու բան չունենք, սա 2022 թվականի ընտրությունների համար է։ Բազմաթիվ առաջարկություններ կլինեն, որոնք թե՛ կոալիցիայում, թե՛ Ազգային ժողովում կքննարկվեն»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը։