Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող «Պարմա» առեւտրի կենտրոնի մոտ 2013թ. նոյեմբերի 28-ին Արմեն Փիրոյանի սպանության փորձի գործով ամբաստանյալներից 2-ը դատապարտվեցին 13 տարվա ազատազրկման, մեկը՝ 2 տարվա:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր՝ փետրվարի 26-ին, նախագահող դատավոր Աննա Մաթեւոսյանը հրապարակեց դատավճիռը, որի համաձայն, Աշոտ Մնացականյանն ու Արսեն Մաթեւոսյանը մեղավոր ճանաչվեցին Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ դատապարտվեցին 12,5 տարվա, իսկ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 4 տարվա ազատազրկման: Դատարանը վերջնական պատիժ սահմանեց 13 տարվա ազատազրկում: Ամբաստանյալ Էդվարդ Թորոսյանին արդարացվեց Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ մյուս մեղադրանքը վերաորակվեց: Թորոսյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Սա նշանակում է, որ Էդվարդ Թորոսյանը, որը կալանքի տակ է 2016թ.-ի մարտի 27-ից, 1 ամսից ազատության մեջ կլինի արդեն:

Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը միջնորդել էր Արսեն Մաթեւոսյանին, Աշոտ Մնացականյանին եւ Էդվարդ Թորոսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտել 13 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը, սակայն, միջնորդել էր արդարացնել երեք ամբաստանյալներին էլ

Նշենք, որ Աշոտ Մնացականյանը, Արսեն Մաթեւոսյանն ու Էդվարդ Թորոսյանը մեղադրվում են խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանության փորձ եւ որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, տուժող Արմեն Փիրոյանը նախկին կնոջից՝ Ա. Հովհաննիսյանից ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է մեկ ուրիշի հետ եւ մեկնել ԱՄՆ շրջագայության: Այդ ընթացքում Ա. Հովհաննիսյանը ծանոթացել է սույն գործով ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի հետ, որի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Փիրոյանի ցուցմունքի համաձայն, ինքը մի քանի անգամ զանգահարել է նախկին կնոջն ու փորձել վերցնել ամուսնական մատանին: Նախկին ամուսինների հարաբերությունները պարզելու համար կնոջ ընկերը՝ Աշոտ Մնացականյանը, մի խումբ անձանց հետ հանդիպել է տուժողին: Սկսվել է վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով: