News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող «Պարմա» առևտրի կենտրոնի մոտ 2013թ. նոյեմբերի 28-ին Արմեն Փիրոյանի սպանության փորձի գործով ամբաստանյալների պաշտպանները հունվարի 17-ին միջնորդեցին արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մնացականյանի, Էդվարդ Թորոսյանի եւ Արսեն Թադեւոսյանի պաշտպաններ Վահագն Բաբայանն ու Էմիլ Խաչատրյանը հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ապօրինի եւ չհիմնավորված: Շուրջ 5 ժամ ներկայացնելով պաշտպանական ճառը՝ պաշտպանները մանրամասն անդրադարձան տուժող Արմեն Փիրոյանի նախաքննական 14 եւ դատաքննական ցուցմունքներին, Փիրոյանի նախկին կին եւ Աշոտ Մնացականյանի ներկայիս ընկերուհի Ա.Հ.-ի հայտնած տեղեկություններին, վկա ոստիկանության գնդապետ Տարոն Բաղդասարյանի հարցաքննությանը: Պաշտպանական կողմը վստահեցրեց, որ սպանության փորձ տեղի չի ունեցել, այն էլ խուլիգանական դրդումներով եւխմբի կազմում: Հիշեցնենք, որ Աշոտ Մնացականյանը, Արսեն Մաթևոսյանն ու Էդվարդ Թորոսյանը մեղադրվում են խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանության փորձ և որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի հիմքում ընկած նյութերի՝ Արմեն Փիրոյանի եւ նախկին կնոջ պարզելու համար կնոջ ընկերը՝ Աշոտ Մնացականյանը, մի խումբ անձանց հետ հանդիպել է տուժողին եւ ծեծել նրան՝ փորձելով կյանքից զրկել:

«Նույնաբովանդակ մեղադրանքներ են առաջադրվել երեքին էլ, քննիչի ենթադրություններն են միայն, դատախազության թեթեւ ձեռքով էլ 3 անձ հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Որեւէ ապացույց գործում առկա չէ, մեղադրանքի հիմքում էլ դրված է տուժողի ցուցմունքները: Արմեն Փիրոյանը Աշոտ Մնացականյանի շրջապատից ում ճանաչել է, փորձել է մեղադրել իրեն սպանելու մեջ: Սա լրիվ պատվերով համերգ է, ի՞նչ խղճով եք 13 տարի պահանջում»,- ասվում է պաշտպանական ճառում:

Պաշտպանների գնահատմամբ, կատարվածը կենցաղային վեճ է, իսկ Արմեն Փիրոյանն էլ, ամուսնացած լինելով եւ գտնվելով ԱՄՆ-ում, Հայաստան էր վերադարձել խանդի հողի վրա՝ փորձելով ամեն կերպ թույլ չտալ նախկին կնոջը նոր կյանք սկսել: Որպես սրա ապացույց՝ պաշտպանները հղում կատարեցին Ա.Հ.-ի ցուցմունքներին:

«Ա.Հ.-ն ցուցմունք է տվել, որ Արմեն Փիրոյանն իրեն նախկինում ասել է՝ քեզ ուրիշ տղամարդու հետ չտեսնեմ: Դեպքից օրեր առաջ էլ, ըստ կնոջ ցուցմունքի, սրճարանում Արմենը հեռախոսով խոսել է Աշոտի հետ սպառնացել նրան: Կինը հայտնել է իր հարցաքննության ժամանակ, որ դեպքից առաջ Արմենն իրեն հետեւել է եւ շենքի բակում խոսել իր հետ՝ փորձելով համոզել միանալ: Մինչդեռ Արմեն Փիրոյանն իր ցուցմունքում նշել է, որ ոսկե մատանին վերադարձնելու համար է հանդիպել Ա.Հ.-ին, սակայն, վերջինս պնդել է, որ ոսկե մատանու մասին խոսակցություն եղել է միայն դեպքից հետո, այն էլ Արմենի ընտանիքի կողմից»,- նշված է պաշտպանական ճառում:

Դեպքի օրը, ըստ ամբաստանյալների պաշտպանների, Արմեն Փիրոյանը հետեւել է նախկին կնոջն ու Աշոտ Մնացականյանին, ապա դանակով հարձակվել վերջինիս վրա, որից հետո էլ վիճաբանություն է տեղի ունեցել. «Աշոտ Մնացականյանն էլ ցուցմունք է տվել այն մասին, որ Արմեն Փիրոյանն է իր վրա հարձակվել դանակով, ինքը դանակը վերցրել է, որից հետո մի քանի անգամ խփել են իրար: Այնուհետեւ ինքը գնացել է սուպերմարկետի մոտ, որ խոսի Արմենի հետ, բայց Արմենն է եկել իր վրա եւ էլի սկսել են միմյանց խփել: Աշոտ Մնացականյանն ասել է նաեւ, որ ոչ մի բան չի կազմակերպել, լուրջ բան չի եղել, որ ընկերներին էլ մի հատ պատմեր»:

Անդրադառնալով ամբաստանյալ Արսեն Մաթեւոսյանի վերաբերյալ դրվագին, թե սուպերմարկետում շշով հարվածել է արդեն իսկ վնասվածքներ ստացած Արմեն Փիրոյանին՝ պաշտպանական կողմը նշեց, որ Մաթեւոսյանն ընդամենը փորձել է բաժանել ընկերոջն այդ տղամարդուց եւ այդ պատճառով շշով հարվածել է, բայց վնասելու դիտավորություն չի ունեցել, պարզապես որ «հյութը լցվի գլխին»: Ինչ վերաբերվում է ամբաստանյալ Էդվարդ Թորոսյանին, պաշտպանները պնդեցին, որ նա կատարվածի հետ որեւէ առնչություն չունի, մեղադրյալի աթոռին է հայտնվել, քանի որ Աշոտ Մնացականյանի ընկերն է:

«Տեսագրությունից պարզ է դառնում, որ ճանաչելով  Աշոտին ու Արսենին` Էդվարդն իջել է սուպերմարկետի աստիճաններից՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Էդվարդ Թորոսյանին առաջադրված մեղադրանքը ֆանտաստիկայի ժանրից է, որեւէ ապացույց չկա, ընդամենը տուժողն իմացել է, որ Աշոտ Մնացականյանի ընկերն է ու վերջ, Արմեն Փիլոյանի երեւակայությունն է»,- ասացին պաշտպանները:

Ծավալուն պաշտպանական ճառի ավարտին պաշտպանները միջնորդեցին արդարացնել իրենց պաշտպանյալներին, ապա դիմեցին դատավոր Աննա Մաթեւոսյանին. «Խնդրում ենք չլինել մեղադրանքի կողմում եւ կայացնել արդարացման դատավճիռ»:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 2-ին: Այդ օրը սպասվում է, որ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ շուրջ 3 տարի տեւած դատավարության վերաբերյալ դատավճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը միջնորդել էր Արսեն Մաթեւոսյանին, Աշոտ Մնացականյանին եւ Էդվարդ Թորոսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ դատապարտել 12,5 տարվա, իսկ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 4 տարվա ի եւ վերջնական պատիժ սահմանել 13 տարվա ազատազրկում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ