Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրում իրավունքի գերակայության վերականգնումը վճռական գործողություններ է պահանջում՝ Սահմանադրական տրիբունալի շուրջ հակամարտության սրման պայմաններում։

Վարչապետը մեկնաբանել է իրավիճակը տրիբունալի նախագահ Բոգդան Սվենչկովսկու լիազորությունների կասեցման և Աննա Կորվին-Պյոտրովսկային կառույցի ղեկավարի պաշտոնում հնարավոր նշանակման մասին հաղորդագրություններից հետո։

«Իրավունքի գերակայության վերականգնումը մեր պարտքն է։ «Իրավունք և արդարություն» կուսակցության երկարամյա անօրինականություններից հետո այս գործընթացը դժվար է, երբեմն՝ ցավոտ, և վճռական գործողություններ է պահանջում։ Այլ ճանապարհ չկա», — գրել է Տուսկը X սոցիալական ցանցում։

Լեհական մամուլի գործակալության (PAP) տվյալներով՝ Աննա Կորվին-Պյոտրովսկան, որին ներկայիս գումարման Սեյմն ընտրել է Սահմանադրական տրիբունալի դատավոր, կարող է գլխավորել կառույցը՝ որպես ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցող դատավոր։

Տրիբունալի կայքում հաղորդագրություն է հայտնվել կառույցի նախագահ Բոգդան Սվենչկովսկուն և փոխնախագահ Բարտլոմեյ Սոխանսկուն ծառայողական պարտականությունների կատարումից ժամանակավորապես հեռացնելու մասին կարգադրության վերաբերյալ։ Որպես հիմք նշված է ընդհանուր իրավասության դատարանների կառուցվածքի մասին օրենքի 130-րդ հոդվածը։

Բուն Սահմանադրական տրիբունալում մերժել են տեղի ունեցողի օրինականությունը։ Կառույցի՝ X-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ պնդվում է, որ տրիբունալի կայքն ապօրինաբար զավթվել է, Սվենչկովսկին և Սոխանսկին շարունակում են պաշտոնավարել, իսկ Կորվին-Պյոտրովսկան տրիբունալի դատավոր չէ։ Այս գործողությունների մասնակիցներին մեղադրել են պետական հեղաշրջման փորձի մեջ։

Հակամարտության ֆոնին Վարշավայում՝ տրիբունալի շենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցներ են հավաքվել, այդ թվում՝ աջ ընդդիմության քաղաքական գործիչներ։ Կառույցի տարածքում ոստիկաններ են գտնվում։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է այցը Սենեգալ և հայտարարել երկիր վերադառնալու մասին։ Գլխավոր դատախազ Վալդեմար Ժուրեկն իր հերթին հայտնել է, որ Սահմանադրական տրիբունալ է ներկայացրել անձեռնմխելիությունից զրկելու հինգ միջնորդություն․ չորսը վերաբերում են Սվենչկովսկուն, ևս մեկը՝ Սոխանսկուն։