Պետական գույքի կառավարման վարչության պետ ՀՀԿ-ական Արման Սահակյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում դժվարացել է նշել Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք շոշափելի ձեռքբերումներ:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ–ում այդպես էլ չստացվեց երիտասարդ լիդերներ կերտել, որոնք փոխարինեին կուսակցության ղեկավարին, Արման Սահակյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ասել ենք, եւս մեկ անգամ կրկնում եմ. հաշվի առնելով մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերները՝ այս պահին Հանրապետական կուսակցության բոլոր անդամները նպատակահարմար են գտնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների պնդումներին, թե նա բոլոր ոլորտներում ձախողել է, Սահակյանն ասել է՝ մարդիկ պարզապես լավը չեն տեսնում: Լրագրողների պնդումներին, որ նշի իր տեսած հաջողությունները, որոնք վրիպում են մյուսների աչքեց, ՀՀԿ-ականն ասել է. «Մեր խնդիրն այն է, որ մենք երբեւիցե լավը չենք տեսնում, դուք երբեւէ չե՞ք տեսել այդ ձեռքբերումները, օրինակ՝ մեր անառիկ սահմանները»: Լրագրողները հակադարձել են, թե ապրիլյան պատերազմը հակառակի մասին վկայեց, Արման Սահակյանը պատասխանել է. «Դուք չեք ուզում տեսնել կատարված աշխատանքի լավը»: