Սփյուռքի նախարար, ՀՀԿ անդամ Հրանուշ Հակոբյանը նորմալ է համարում, որ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ 3-րդ անգամ չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին եւ դա անընդունելի է համարում, իսկ հիմա իր հայտարարությանը հակառակ է գործում: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա Սերժ Սարգսյանին համեմատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Կյանքը դոգմա չի, որ մի բան ասեցիր՝ անպայման դա լինի: Կյանքը զարգանում է, փոփոխվում է, դիալեկտիկայի օրենքները բոլորիս հայտնի են: Նախագահը խոստում չէր տվել, դա ընդհանրապես ասված էր տվյալ պահին: Յուրաքանչյուր պահ ունի իր տրամաբանությունը: Այսօր՝ այս իրավիճակում, կարծում եմ, հանրապետության նախագահը ՀՀԿ-ի կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու եւ կընտրվի»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նա շեշտել է, որ այս պահին փորձառությունն են կարեւորում: «Ե՛վ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ անվտանգության, ե՛ւ աշխարհաքաղաքական իրավիճակների դեպքում շատ կարեւոր է փորձը, գիտելիքը, կապերը։ Մեզ համար ընդունելի է, որ ինչքան շատ փորձված մարդիկ լինեն ղեկավարության մեջ, այնքան երկիրը կարող է շահել... Նայեք՝ Անգելա Մերկելը քանի անգամ է ընտրվում՝ 4-րդ անգամ»,- հավելել է նախարարը: