Ապրիլի 24–ը ազգային ողբերգության օրը լինելուց բացի մեր ազգային միասնության եւ պատվի օրն է, հետեւաբար՝  մենք՝ որպես ազգ չենք կարող աշխարհի առջեւ դուրս գալ մասնատված։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին  ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Մենք բոլոր խնդիրները կարող ենք լուծել բանակցելով, երկխոսելով, լուծումներ փնտրելով։ Որեւէ մեկը չպետք է կասկածի, որ անկախ այսօրվա հսկայական խնդիրներից, երեկվա պրոբլեմներից, մենք պետք է միասնական լինենք»,–նշել է նախագահը։

Հարցին, թե նա մտահոգված չէ արդյոք երկրում ստեղծված իրավիճակով, Արմեն Սարգսյանն հայտնել է, որ շատ մտահոգված է. «Ես սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորությունների սահմաններում անում եմ ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի, լուծում ստանա»։