Ռուսաստանը ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նրան խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները զուտ ներհայաստանյան հարց են. «Ես բազմիցս ասել եմ, որ այս շարժումը չունի աշխարհաքաղաքական որեւէ ենթատեքստ: Սա 100-տոկոսանոց ճշմարտություն է»:
Անդրադառնալով նրան, որ նախօրեին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Մոսկվա եւ հանդիպումներ ունեցել, Փաշինյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է նա քննարկել Մոսկվայում:
«Գուցե գիտեն, որ Հայաստանում աջակցություն չունեն եւ փորձում են տպավորություն ստեղծել, որ աջակցություն ունեն ինչ-որ այլ տեղից: Երեւի Կարեն Կարապետյանն ուզում է տպավորություն ստեղծել, որ դրսից աջակցություն ունի, բայց ես չեմ կարծում, որ դա մտքի արժանապատիվ ուղղություն է»,-հավելեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:
Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:











