Երբ կգա այդ հարցը քննարկելու  ժամանակը, կքննարկենք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքով են մասնակցելու, թե առանձին:

Դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնում իր առաջադրմանը աջակցում են քաղաքական գործիչներ, այդ թվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որոնք «ըստ օդում կախված լուրերի» տարիներ շարունակ խուսափել են հարկային դաշտ մտնելուց, այդ քվեն ձեզ չի՞ կաշկանդի հետագայում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ երաշխավորում եմ, որ Հայաստանում կլինի լիարժեք օրինականություն։ Ես որեւէ մեկի մասին հայտարարություն չեմ կարող անել մեղավորության կանխավարկածով: ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը»:

Լրագրողները հիշեցրեին, որ ժամանակին ինքը բազմաթիվ քննադատական ելույթներ է ունեցել տարբեր անձանց, նրանց կարողությունների, եկամուտների մասին, իսկ այժմ կարծես մեղմացում է նկատվում, Փաշինյանը նկատեց. «Մեղմացման մասին չէ խոսքը, երբ մենք իշխանություն ներկայացնենք, իշխանության թեւերի տարանջատումը ամենակարեւոր սկզբունքներից մեկն է, երբ նույն  մարդը համ վարչապետ է, համ դատավոր, համ դատախազ համ քննիչ, համ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ է պրոբլեմները սկսվում: Ես կարծում եմ, որ իշխանության  դերը իշխանության մարմինների թեւերի բնականոն գործունեությունն ապահովելն է: Դրա քաղաքական պատասխանատվությունը ընկնում է կառավարության վրա։ Մնացած գործառույթները պետք է այդ մարմիներն իրականացնեն։ Ես երաշխավորում եմ, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի, ես չեմ պատրաստվում վարչապետի կարգավիճակում լինել եւ վարչապետ, եւ դատավոր, եւ դատախազ, եւ քննիչ եւ ՔԿՀ պետ»:

Նա հայտարարեց, որ երաշխավորում է, որ բոլորը հարկային դաշտում հավասար կլինեն. «Ես հիմա ձեր ներկայությամբ չեմ կարող բոլոր նշանակումները, բոլոր փոփոխություններն անել»:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: