Խոսակցություններն այն մասին, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թողնում է երկրի քաղաքական դաշտը ոչ միայն վաղաժամ են, այլեւ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` ՀՀԿ-ի հեռանալը չի բխում ժամանակակից Հայաստանի քաղաքական իրողություններից: «Հաշվի առնելով ՀՀԿ-ի փորձը եւ գիտելիքները, մեր ընդդիմախոսները խոստովանում են, որ դա կարող է օգտակար լինել: Կարծում եմ, ՀՀԿ-ն ցույց տվեց իր համախմբող դերը որպես ընդդիմություն: Երկրորդ՝ մենք կարողացանք պահպանել կուսակցական կառույցների միասնական բնույթը, երրորդ` նոր քաղաքական իրողություններում մենք  կգտնենք մեր տեղը: Այդ տեղը ընդդիմության մեջ է»:

Նա նշել է, որ իշխանությունը, այդ թվում` հարյուր հազարավոր քաղաքացիների աջակցությունը վայելող իշխանությունը, միեւնույն է ընդդիմության կարիքն ունի: «Կարծում եմ, որ այս կապակցությամբ Հայաստանին շատ հետաքրքիր քաղաքական փուլ է սպասվում: Սա ժողովրդավարության նոր, ուրիշ քննություն է: Մեկ քննությունը մենք արդեն հանձնել ենք», - ասաց նա:

«Մեր դերը ընդդիմությունն է, դա հստակ է: Մենք կլինենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, ոճը կարող է տարբեր լինել՝ կախված որոշակի խնդիրների արդիականությունից: Մեզ համար ամենակարեւորը մեր երկրի անվտանգությունն է:

Հաշվի առնելով բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնց հետ բախվում է մեր երկիրը,  հուսով եմ, որ այս հարցը կոնսոլիդացնող կլինի բոլոր քաղաքական ուժերի համար», - ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն տեղին  եւ ճիշտ չի համարում համատեղ կառավարության մակարդակով նոր իշխանությունների հետ համագործակցությունը: «Քաղաքական կեղծավորություն կլիներ  նման հարցի քննարկումը: Նոր ձեևավորվող կառավարությունը  պետք է ինքնուրույն պատասխանատվություն կրի, նշի այն իրողությունները, որոնք կարեւոր է համարում, նոր ծրագրի միջոցով իրականացնի առաջնահերթությունները», - ասաց նա, նշելով, որ նոր իշխանություններից համագործակցության մասին առաջարկներ չեն եղել:

 «ՀՀԿ-ն չի քննարկում եւ չի քննարկելու նման առաջարկները, անգամ եթե ստանա», - ընդգծեց Աշոտյանը:

Նա նաեւ ասաց, որ կուսակցության ղեկավարի կամ խորհրդարանական խմբակցության ղեկավարի փոփոխության հարցը դրված չէ եւ չի դրվի, քանի որ «հիմա մեր առջեւ այլ հարցեր են դրված»:

Պատասխանելով այն հարցին, թե հայազգի ռուս գործարարները, այդ թվում նաեւ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որոնք գործընթացների բուռն ընթացքի ժամանակ այցելել էին Հայաստան, կապված են արդյոք հետագա իրադարձությունների զարգացումների հետ, Աշոտյանը նշեց, որ կուսակցության անդամ չհանդիսացող մարդիկ չեն կարող ազդել ՀՀԿ-ի որոշումների վրա: «Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նա զգալի ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում»: