Ես գոհ եմ, քանի որ Հայաստանը ցույց տվեց, որ մեզ մոտ կարող են լինել դրամատիկ ու մեծ փոփոխություններ, որոնք մարդիկ անվանում են հեղափոխություն, թավշյա հեղափոխություն, սակայն ամենակարեւորը, որ ամեն բան եղավ օրենքի ու Սահմանադրության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, ՀԱղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք ցույց տվեցինք աշխարհին, որ եթե նույնիսկ հեղափոխություն, ապա հայկականը բոլորովին ուրիշ է: Այն քաղաքակիրթ էր, Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: Դրանով ես շատ ուրախ եմ եւ գոհ»,-ասաց նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ հնարավոր լուծումներին, Արմեն Սարգսյանն ասաց, որ երկրի նախագահի դերն է պաշտպանել բոլոր լավ, բարի նախաձեռնությունները, որոնք ունի կառավարությունը. «Պատրաստվում եմ լուծումներ տալ կառավարության հետ համատեղ: Նախագահը կարող է քաջալերել եւ առաջարկել կառավարությանը լուծումներ գտնել»,-ասաց նա:

«Բարեւներ փոխանցեք պարոն Լուկաշենկոյին»,-հավելեց նա՝ դիմելով Բելառուսի հեռուստատեսության լրագրողներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովորդին ու խորհրդարանին ուղղված իր տարեկան ուղերձում անդրադարձել էր նաեւ Հայաստանի իրադարփություններին՝ նշելով. «Պետք չէր նախագահական հանրապետությունը դարձնել խորհրդարանական: Ա հա սա էլ արդյունքը»: Նրա խոսքով, Բելառուսը պատրաստ է օգնել դաշնակից Հայաստանին:

Նշենք, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ Հայաստանի նախագահն այլեւս գործադիր իշխանության ղեկավարը չէ, այդ լիազորությունը պատկանում է վարչապետին:

Ի դեպ, Հաղթանակի զբոսայգում ՀՀ նախագահին մոտեցավ հայտնի «ՀՀԿ-ի տատիկը» եւ օգնություն էր խնդրում: Երբ նա ներկայացավ՝ Սուսաննա Սարգսյան, Արմեն Սարգսյանը հումորով արձագանքեց. «Շատ տարօրինակ, հազվագյուտ ազգանուն է»: