ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեքի Սփիյերը Զինված ուժերի հարցերով կոմիտեում իր ելույթի ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության դասերը հիշելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նշելով այն փաստը, որ 20-րդ դարի սկզբին իր ընտանիքի անդամները դարձել են Ցեղասպանության զոհեր՝ Սփիյերն ասել է. «Ես կարծում եմ, որ եթե մենք մյուս երկրներին չօգնենք ըմբռնել Ցեղասպանության հետեւանքները եւ ինչպես է հնարավոր այն կանխել, ապա մեր բարոյական առաջատարությունն իսկապես հարցականի տակ կհայտնվի»:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Սփիյերին շնորհակալություն է հայտնել իր ջանքերի համար:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագծին աջակցել են 118 կոնգրեսականներ: