Մայիսի 29-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ջուն Յամադային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով Ճապոնիայի դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ դեսպան Յամադան իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների առավել զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Ճապոնիայի դեսպան Յամադան շնորհավորեց նախարար Մնացականյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը եւ դեսպան Յամադան արժեւորեցին բարձր մակարդակով շփումների եւ փոխայցելությունների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար, մտքեր փոխանակեցին ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման շուրջ, որոնք լավ հնարավորություն են ընձեռում գնահատելու կատարած աշխատանքները եւ նախանշելու հետագա համագործակցության ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ընթացքին, միջազգային տարբեր ձեւաչափերում Հայաստան-Ճապոնիա փոխգործակցությանը: