Արդեն հինգ տարի է ավագանու անդամ եմ, բայց այպիսի անգույն, անդեմ, անհոտ օրակարգ չեմ տեսել։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարել է «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«Հորդորել մեզ օրակարգի շուրջ խոսել, դա քաղաքական առաջարկ չէ։ Մենք ստիպված ենք օգտագործել այս հնարավորությունը ասելու համար այն, ինչ պետք է ասվի»,-նշել է նա։

«Ելք» խմբակցության անդամը հորդորել է Տարոն Մարգարյանին Րաֆֆու փողոցի երկայնքով կրպակների շինթույլտվությունները բեկանել, քանի որ Րաֆֆու փողոցի գազոնը պետք է ազատագրվի։

«Ինչպես են աճուրդի դրվում գույք, տարածքներ, եթե դրանց ներառված չեն համապատասխան ցուցակում։ Իսկ եթե դուք զարմանում եք իմ զարմանքի վրա, ես էլ ձեր զարմանքի վրա եմ զարմանում։ Ես վստահ եմ, որ կա երկրորդ ցուցակ։ Իսկ երկրոդ ցուցակի նպատակը դժվար չի կռահել»,-նշել է Բախշյանը։

Նրա համոզմամբ՝ դա խոսում է մի բանի մասին, թե որքան անտեր է Երեւան քաղաքը։ «Շատ կարեւոր է, որ քաղաքում տիրեն, աշխատեն մարդիկ, որոնք կցավեն ամեն միլիմետր կանաչի համար, կանաչը վերացնելու փոխարեն էլ կտնկեն։ Փոխվել է քաղաքական իրադրություն, ուրեմն այդ փոփոխությունը պետք է լինի նաեւ քաղաքապետարանում։ Պատվով գնացեք պարոն Մարգարյան»,-եզրափակել է նա։