Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են նախաձեռնել միջնորդություն ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի ղեկավարին գրավի դիմաց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ–ական Դավիթ Համբարձումյանին, նրա եղբայր Գեւորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին, Սարգիս Սահակյանին, Կարեն Օհանյանին։ Վերջիններս ձերբակալվել են ապրիլի 22–ին Էրեբունի համայնքում ցուցարարների նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով։  Ստորագրահավաքը նախաձեռնել է Մասիսի ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ–ական Մուրադ Մուրադյանը։ Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։ Ցուցարարների նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով կալանավորվել է նաեւ Արշակ Հակոբյանի եղբայրը։ Թեեւ ապրիլյան ցույցերի ժամանակ նշված անձանց մասնակցությամբ բռնությունների վերաբերյալ կան տեսանյութեր եւ լուսանկարներ, սակայն ՀՀԿ–ականները պնդում են, որ նրանց նկատմամբ անօրենություն է տեղի ունեցել։ NEWS.am–ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պնդեց, որ քաղաքապետն անմեղ է։

Պարոն Մելիքյան, ինչո՞ւ որոշեցիք միջնորդություն ներկայացնել ցուցարարների նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց ազատ արձակելու համար։ Չէ՞որ կան դրանք հաստատող տեսանյութեր։

Ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվել է այսօր, չի բխում օրենքից, եւ Մասիսի բնակչության բարձրացված ձայնը իր վերջնական նպատակին կհասնի։ Այո, մեր պատգամավորները նաեւ ստորագրություններ են հավաքում՝ միջնորդություն ներկայացնելու իրավապահ մարմիններին, որպեսզի գրավի դիմաց ազատ արձակեն Մասիսի քաղաքապետին։

Քննություն է ընթանում, որի շրջանակում էլ հիմնավորվել է քաղաքապետի եւ այդ գործով այլոց ձերբակալությունը...

Մեր միջնորդությունը չի նշանակում խոչընդոտել քննությանը։ Ընդամենը ներկայացնում ենք, որ փոխվի խափանման միջոցը։

Դուք ասացիք՝ ձերբակալությունը չի բխում օրենքից, ի՞նչ նկատի ունեք, ինչո՞ւ եք կասկածում իրավապահների գործողություններին։

Նկատի ունենք այն, ինչ կատարվել է, նկատի ունենք կամային մոտեցումները...

Ի՞նչն է կամայական մոտեցում։

Որովհետեւ այն, ինչ կատարվում էր, նաեւ մյուս կողմից համենայնդեպս նման գործողությունների դեպքում ձերբակալություններ չէր լինում։

Ո՞ր կողմից, պարզ չէ՝ ինչ նկատի ունեք։

Ասացի՝ ինչ նկատի ունեմ...

Կարծում եք Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքական հետապնդո՞ւմ է սկսել։

Ես ոչինչ չեմ կարծում, կպարզի քննությունը։

Ասացիք՝ օրենքից չի բխում ձերբակալությունը, ինչո՞ւ եք նման գնահատական տալիս։

Կտեսնենք ամեն ինչ, թող քննությունը գնա, կավարտվի եւ կհամոզվեք, որ կան օրենքի կամայական մեկնաբանություններ։

Կարծում եք՝ անմե՞ղ է քաղաքապետը։

Այո, ես կարծում եմ, որ անմեղ է եղել։

Ի՞նչ հիմքեր ունեք այդպես կարծելու։

Ես այդպես եմ կարծում, եթե իրավապահները այլ ձեւով են կարծում, թող հիմնավորեն։

Կարծում եք` իրավապահները հիմք չեն ունեցե՞լ ձերբակալելու համար։

Եթե ունեցել են, թող ներկայացնեն։

Ո՞վ է միջնորդել, որ պատգամավորները ստորագրահավաք կազմակերպեն։

Ոչ մեկ, ինքնաբուխ է։