Երբ կապացուցվի, որ Մասիսի քաղաքապետն ու իր տեղակալը մեկնումեկին մի հատ ապտակել են, մի հատ քար են նետել, ես ձեզ հետ միասին այդ կարծիքին կլինեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթի Համբարձումյանի, նրա տեղակալի եւ նրա եղբոր ձերբակալությանը:

Հարցին, թե ձեր կարծիքով նրանց անհի՞մն են մեղադրում, Մուրադյանը պատասխանեց. «Այսօր կերեւա։ 72 ժամով է, երբ կլինի դատական նիստ, ամբողջը կերեւա։ Ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ դեռ շատ վաղուց՝ ծնված ժամանակվանից: Ես միակ պաշտոնյան եմ երեւի որ ապրել եմ ու ապրում եմ գյուղում: Դավիթ Համբարձումյանը շատ համեստ, խելոք տղա է, Ռեմբոյի արկածներից եք պատմում, ես զարմանում եմ, որ ինքը այդքան բանի ընդունակ է, Դավիթ Համբարձումյանի քաղաքապետ եղած ժամանակ կարող եք ժողովրդից հարցնել ինչպիսի քաղաքապետ է եղել եւ նախորդները ինչպես են աշխատել։ Ես որ գովեմ, ասելու եք ձեր մոտիկն է, ծանոթն է, մի գյուղում ապրել եք, դրա համար ես գովում։ Ճիշտ կլինի, որ ժողովրդից հարցնեք: Ես ուզում եմ, որ օբյեկտիվ քննություն անցկացվի»:

Հարցին, թե կարծում է, որ սա քաղաքական հետապնդո՞ւմ է, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դե մի օր  որ համբերենք մնացածը կերեւա, այնպես չէ, որ մեկը կարող է շատ հանցագործություններ անի, ես փորձեմ պաշտպանել, այդպես չէ: Ես Դավիթ Համբարձումյանին լավ եմ ճանաչում, նա ընդունակ չէ այդ բաներին, որը այսօր վերագրում են նրան»:

Ինչ վերաբերում է քաղաքապետի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, ով եւս ձերբակալված է, Մուրադ Մուրադյանն ասաց. «Գոռ Համբարձումյանը թոռիցս մի քիչ է մեծ, ես այդքան պարա՞պ եմ, որ ընկնեմ այդքան»:

Նա նշեց, որ փաստաբանն է խորհուրդ տվել երաշխավորագիր ներկայացնել իրավապահ մարմիններին. «Փաստաբանը ասել է երաշխավորագիր ներկայացրեք, ժողովուրդը դիմել է, ես էլ որպես պատգամավոր պարտավոր եմ ժողովրդի կողքն լինել։ Ժողովուրդն էլ երեւի գիտեք երեկ ճանապարհ է փակել, այսօր էլ որոշել են նորից հավաքվել: Ես չեմ ասում, որ նա 100 տոկոսով արդար է, այլ ես չեմ հավատում որ ինքը այդքան բանի ընդունակ է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը:

Նրանց ձերբակալել են ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու եւ բռնություն գործադրելու գործով։

Նախօրեին ՀՀԿ 8 պատգամավորներ երաշխավորագիր են ներկայացրել գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի պետին, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի գրավը: