Խափանման միջոցը նախնական պատիժ չի, չպետք է խափանման միջոցը ընկալվի որպես այդպիսին: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապետի ձերբակալությանը:
«Խափանման միջոցը նախնական պատիժ չի, չպետք է խափանման միջոցը ընկալվի որպես այդպիսին: Ես իրավական գնահատականներ տալու լիազորությամբ օժտված չեմ, ուղղակի կարող եմ ասել սկզբունքների մասին, որ գործում է ազատության կանխավարկածը եւ նախաքննության մարմինները պարտավոր են ներկայացնել այն փաստերը, որոնց նկատմամբ կարող է կիրառվել ազատազրկման ձեւով խափանման միջոց ընտրելու հետեւանքները: Տվյալ դեպքում պարտականությունը դրված է նրանց վրա, եթե չկարողացան ապացուցել, որ կան այդ հիմքերը անձը կխուսափի, հավանականություն կա, որ կարող է ճնշում գործադրել նախաքննության վրա, փորձագետների վրա, հավանականություն կա, որ կարող է նոր հանցանք գործել, ապա առաջանում է այդ հետեւանքը ՝ խափանման միջոցը կալանք ընտրելու հետեւանքը եւ այդ հետեւանքը 2 ամիսը մեկ պետք է վերանայվի, կան արդյոք այդ հիմքերը, թե ոչ»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ միայն մեղսագրվող հանցագործության հետեւանքի ծանրությամբ պայմանավորված չի կարող կիրառվել խափանման միջոցը կալանք, սա նաեւ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը:
Նրանց ձերբակալել են ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու եւ բռնություն գործադրելու գործով:











