Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին։
Նախարար Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին կատարած աշխատանքի եւ ապահոված տնտեսական ցուցանիշների համար, նշել է, որ նոր մարզպետը պետք է իր առջեւ խնդիր դնի տնտեսական զարգացման առկա տեմպերը պահպանելու եւ դրա հետագա աճն ապահովելու ուղղությամբ։ Նախարարն անդրադարձել է մարզի ոռոգման խնդիրներին, համայնքների կողմից ներկայացված եւ հաստատված սուբվենցիաների ծրագրերին, հարկերի հավաքագրմանը եւ նշել, որ նոր ձեւավորված կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք առկա խնդիրները հաղթահարելու եւ ինքնաբավ համայնքներ ունենալու համար։ Նախարարը հաջողություններ եւ բեղուն գործունեություն է մաղթել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին եւ հույս հայտնել, որ մարզային հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն մարզում արձանագրված նոր հաջողությունների եւ նոր ծրագրերի մասին։
Իր հերթին Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ կառավարությանը բարձր վստահության եւ պատասխանատու պաշտոնում նշանակելու համար եւ հավաստիացրել, որ կանեն հնարավոր ամեն ինչ մարզում արձանագրված բարձր ցուցանիշները պահպանելու եւ ավելացնելու նպատակով։











