ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում, որ ինքը կարող է ավելի շուտ դուրս գալ ՀՀԿ-ից, քան իրեն կհասցնեն հեռացնել։

«Այո, ինձ նկատողություն են տվել խմբակցության որոշումը խախտելու համար։ Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն», - այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ցոլակյանը։

Հարցին, թե արդյոք դա իր համար զգուշացում է, որ հաջորդ անգամ ենթարկվի խմբակցության որոշումներին, Ցոլակյանը պատասխանեց. «Ոչ, շարունակելու եմ նույն ոճով, նույն ձեւով»։

Դիտարկմանը, թե արդյոք մտահոգվա՞ծ չէ, որ իրեն նկատողություն են անում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Հա, ահավոր վախեցած եմ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում Ֆելիքս Ցոլակյանը դեմ էր գնացել ՀՀԿ խմբակցության որոշմանը եւ կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դրանից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր հարացզրույցներից մեկում նշել էր, որ  կանոնակարգի համաձայն, եթե պատգամավորը երեք անգամից ավելի հակառակ է քվեարկում խմբակցության կարծիքին, նրա հարցը դրվում է հեռացման: