Չգիտեմ ինչ անձնական կամ քաղաքական շարժառիթներից ելնելով, բայց ՀՀԿ խմբակցությունը լքելով մարդիկ իրեն ընտրությունն են կատարում. ինձ դա չի մտահոգում։  Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը։

Հարցին, կա՞ մտավախություն, որ ՀՀԿ–ն կդառնա փոքրամասնություն, նա նկատեց. «Բոլոր, եւ հատկապես սահմանադրական օրենքները  ԱԺ–ում 3/5 են ընդունվում, հետեւաբար խմբակցության պատգամավորների քանակը շատ պետք է քչանա, որ մենք խոսենք դիրքերը կորցնելու մասին»։

ՀՀԿ–ն լքելու բարոյական կողմի մասին հարցին անդրադառնալով, Կոստանյանը չցանկացավ խոսել իր գործընկերների քայլերի բարոյական կողմի մասին. «Եթե  ես կուսակցական լինեի ու խմբակցության կազմը լքեի, անկեղծ եմ ասում, մանդատս անմիջապես վայր կդնեի, մեկ պատճառով՝ քանի որ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով»։

Գեւորգ Կոստանյանը պնդում է, չլինելով կուսակցական, եթե դուրս գա խմբակցությունից, անմիջապես վայր կդնի մանդատը։

Հարցին, թե ո՞ր պարագայում կլքի խմբակցությունը, նա նշեց. «Անկեղծ ասած, չեմ մտածել: Կարծում եմ՝ ոչ մի դեպքում, եթե նույնիսկ խմբակցությունում մեկ պատգամավոր մնա, ես կլինեմ երկրորդը, հաստատ։ Խմբակցությունից դուրս կգամ, եթե որոշեմ, որ պատգամավորական մանդատս եմ վայր դնում»։