Այն ելույթը, որը ունեցավ երկրի վարչապետը, մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«ՀՀԿ-ականների տված հարցը, թե ո՞վ է պատասխանատու այս ծրագրի համար, ստիպեց ինձ ելույթ ունենալ: Քաղաքական առումով պետք է լինի պատասխանատու, բայց եկեք նայենք այլ տեսանկյունից՝ մի կողմ թողնելով քաղաքագիտությունը: Այն ելույթը, որն ունեցավ երկրի վարչապետը, մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է: Գուցե մի քիչ վատ ենք ձեւակերպել, մի քիչ լավ, բայց մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է դա: Համոզված եմ, որ բոլորն ուզում են նման Հայաստան ունենալ: Ուզում եք, որ մեր թոռները այդպիսի Հայաստանում ապրեն, որտեղ առավելություն ունեցողներ չլինեն: Կասկածո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես է ասում, բայց իրականում բաժնեմասեր է հետո ունենալու: Կարծում եմ՝ քչերն են կասկածում, ես չեմ կասկածում»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, ժողովուրդն է պարտադրել, որ երկրում քաղաքական փոփոխություն տեղի ունենա, որ մեծամասնություն կազմող իշխանության վարչապետն ասի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի». «Հիմա ուզում ենք կառավարությունը հաջողության հասնի՞, թե՞ պարտվի. «Դա չի նշանակում, որ չպետք է լինի ընդդիմություն: ՀՀԿ-ն շատ լավ ընդդիմություն է: Ես միանում եմ Խոսրով Հարությունյանի դիտարկմանը, որ ԱԱԾ-ն լուրջ ֆունկցիաներ ունի, եւ թող իր գործառույթներով զբաղվի, որեւէ մեկին չկցենք: Ես միանում եմ նաեւ Շարմազանովի դիտարկմանը, ու չեմ էլ պատկերացնում աշխատատեղերի ստեղծում առանց հանքաարդյունաբերության, շինարարության, ատոմակայանի, ջրային ռեսուրսների կառավարման եւ այլն: Իհարկե, առաջնահերթություն են նոր տեխնոլոգիաները, բայց դրանք 5-10 հազար մարդ են ներգրավվելու: Աշխատատեղերը ապահովելու է արդյունաբերությունը»,-ընդգծեց Արամ Սարգսյանը: